211652_close_icon
views-count28118 դիտում article-date 17:52 15-03-2020

«Այս ամենի ավարտին մենք բոլորս անձամբ ճանաչելու ենք գոնե մեկին, ում կյանքը խլել է Կորոնավիրուսը». նյարդավիրաբույժը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին

Նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, ՀՀ Նախագահի մրցանակակիր, Հայաստանի Հանրապետությունում ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադիր Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսի վերաբերյալ ստիպված եմ նույնպես գրառում կատարել՝ տեսնելով իմ որոշ ընկերների (հատկապես բժիշկ ընկերների) գրառումները։ Վերջիններս հորդորում են Կորոնավիրուսի հետ կապված աղմուկը լուրջ չընդունել՝ բերելով տարբեր պատճառներ։ Ամենևին չեմ փորձում ձևանալ իբրև թե վիրուսոլոգ եմ կամ ինֆեկցիոնիստ, բայց կան փաստեր, որոնց վրա աչք փակելը և արհամարհական վերաբերվելը շատ ծանր հետևանքներ է թողելու մեր հասարակության վրա։ 1. Դեռևս բավարար տվյալներ չկան, թե վարակների քանի՞ տոկոսն է ընթանում ասիմպտոմ։ Զբոսանավերի ուղևորներին համատարած ստուգելու պարագայում նրանց կեսը ախտորոշման պահին սիմպտոմներ չեն ունեցել։ 2. Գրիպի հետ համեմատություններն անտեղի են։ Այո, տարեկան գրիպից ավելի շատ մարդ է մահանում, քան մինչ օրս՝ Կորոնավիրուսից։ Բայց կան ֆունդամենտալ տարբերություններ, որոնք գոնե բժիշկները պետք է իմանան։ • Գրիպից ամենաբարձր մահացությունը դիտվում է այն երկրներում, որտեղ կորոնավիրուսը դեռ նոր է մուտք գործել՝ Աֆրիկա, Հնդկաստան, Հարավային Ամերիկա։ Կորոնավիրուսի մահացության մասին մեր տվյալները գալիս են զարգացած երկրների փորձից։ • Գրիպի սեզոնային համաճարակները համատարած ախտահարում չեն առաջացնում, քանի որ առկա է պատվաստանյութ, ինչպես նաև տարիների ընթացքում որոշ չափով ձևավորվել է իմունիտետ։ • Գրիպի դեպքում մարդը վարակիչ է ախտանիշների առաջացումից 24 ժամ առաջ և ախտանիշները անցնելուց հետո ևս 3-5 օր։ Կորոնավիրուսի պարագայում անձը կարող է վարակիչ լինել ախտանշանների վերանալուց հետո ևս 10-30 օր։ 3. Ամենաանընդունելի արտահայտությունը, որ լսում եմ իմ բժիշկ ընկերների կողմից այն է, որ պետք չէ անհանգստանալ, քանի որ Կորոնավիրուսը խլում է միայն տարեցների և ուղեկցող հիվանդություններ ունեցողների կյանքը։ Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են։ 4. Կրկին անդրադառնալով զարգացած երկրներում հիվանդացության և մահացության ցուցանիշին նշեմ, որ հիվանդների մոտ 12.3% -ը կարիք են ունենում թոքերի արհեստական շնչառություն: Ցավոք, Հայաստանում այդքան արհեստական շնչառության սարքեր չկան (ինչպես նաև այլ երկրներում), հետևաբար մասշտաբային վարակի դեպքում կարիք է լինելու հետևել պատերազմական ժամանակ կիրառվող հիվանդների տեսակավորման պրակտիկային, ինչպես օրինակ հիմա՝ Իտալիայում։ Այո՛, ցավոք, ոչ բոլոր հիվանդներն են ստանալու բուժօգնություն։ 5. Մասշտաբային վարակի դեպքում առաջանալու է նաև բուժանձնակազմի պակաս, քանի որ վարակված բուժաշխատողները չեն կարողանալու վերադառնալ աշխատանքի մոտ մեկ ամիս։ 6. Եվ վերջապես, պատերազմող երկրում ամենամեծ վտանգը բանակում Կորոնավիրուսի տարածումն է։ Ցավոք, մեր գիտակցության մակարդակը այդքան չի բարձրացել, որ պետական շահը և անվտանգությունը ավելի բարձր գնահատենք 14-օրյա արձակուրդից (համենայն դեպս իմ հոսպիտալային փորձից ելնելով)։ Հ.Գ. Հայաստանի նման երկրում, այո՛, պետք է ստեղծել խուճապ, քանի որ քաղաքացիական պատասխանատվության մակարդակը թույլ չի տալիս սառնասիրտ և կազմակերպված պայքար մղել և մարդիկ շարունակելու են այցելել մարդաշատ միջոցառումներ ու մի լավ թաց համբուրվել։ Հ.Հ.Գ. Ցավոք, այս ամենի ավարտին մենք բոլորս անձամբ ճանաչելու ենք գոնե մեկին, ում կյանքը խլել է Կորոնավիրուսը»:

Նմանատիպ նյութեր