211652_close_icon
views-count16469 դիտում article-date 17:10 14-03-2020

Իշխանությունների չհամակարգված քայլերը հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների. հորդորում եմ լրջանալ և աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատասխանատվությամբ. Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ինստագրամյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման ցուցանիշներին: Նա մասնավորապես նշել է, որ էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են: Արդեն իսկ պարզ է, որ համավարակը բերելու է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական խնդիրներ: Այս բարդ իրավիճակում, երբ վտանգված է ազգաբնակչության առողջապահական, տնտեսական, ֆինանսական, կենցաղային անվտանգությունը, անհրաժեշտ է համախմբվել, չմատնվել խուճապի և բոլոր գործողությունները համադրել պատկան կառույցների որոշումների և հորդորների հետ: Միևնույն ժամանակ, այս օրերի իրադարձությունները ցայտուն կերպով բացահայտեցին այն իրողությունը, որ կառավարման ոլորտում չհամակարգված գործողությունները, ռիսկի պատշաճ գնահատման ունակության բացակայությունը և հախուռն որոշումները հանգեցնում են ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրների: Ցավոք, արդեն իսկ զգացվում են ճգնաժամային կառավարման հարցում իշխանության բարձրագույն օղակներում համապատասխան ունակությունների և փորձի բացակայության բացասական հետևանքները: Այս պայմաններում, երբ բնակչության և պետության անվտանգության խնդիրներն առաջնային են, կոչ եմ անում համախմբվել պետության շուրջ, իսկ իշխանություններին հորդորում եմ ի վերջո լրջանալ և աշխատանքային պարտականություններին վերաբերվել պատշաճ պատասխանատվությամբ: Առողջություն բոլորիս ընտանիքներին»:

Նմանատիպ նյութեր