211652_close_icon
views-count60892 դիտում article-date 19:07 13-03-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս կողաշրջվել է. կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են Mercedes E350 մակնիշի 36 NT 601 համարանիշի և Opel մակնիշի 35 VD 285 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Վերջիններս այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բախման հետևանքով Opel-ը կողաշրջվել է և քաղաքացիներն են այն դարձի բերել, որպեսզի կարողանան վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր