Կասկադյորական ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են BMW-ները, որոնցից մեկի 3 անվահեծանները կոտրվել են. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում  Իսակովի պողոտայում՝  ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, բախվել են BMW մակնիշի 79 RL 999 համարանիշի և  BMW մակնիշի 36 NA 733 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
 Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության հրեջ-փրկարարական ջոկատը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: 
Օպերատիվ է գործել նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում ուժեղացսված ծառայություն են կատարում ճՈ 1-ին  սպայական գումարտակի 7-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Ավետիս Բազիկյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով՝ հայտնվել կանաչ գազոնում:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի  գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների  և վիրավորների ինքնությունը: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


