211652_close_icon
views-count2430 դիտում article-date 11:22 11-03-2020

Արմավիրում տեղի է ունեցել «Պտղատու ծառերի էտ և ձևավորում» թեմայով խմբային դասընթաց

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչությունը 2019 թվականի նոյեմբերից հանրապետության տարբեր մարզերում կազմակերպում և իրականացնում է «Պտղատու ծառերի էտի և ձևավորման» թեմայով վերապատրաստման դասընթացներ՝ վարչության բաժինների մասնագետների և տնտեսվարողների համար: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դասընթացների նպատակն է՝ ծանոթացնել մասնակիցներին պտղատու ծառերի ճիշտ էտի աշխատանքների իրականացման գործընթացին, ինչը կնպաստի բերքատվության բարձրացմանը: Դասընթացներն իրականացվում են բաց դաշտում՝ պտղատու այգիներում: Մարտի 10-ին հերթական դասընթացը կազմակերպվել է Արմավիրի մարզում, որին մասնակցել են Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը, Արմավիրի մարզային բաժնի մասնագետներ ու ֆերմերներ։ Ներկայացնելով դասընթացի նպատակը՝ Հայկ Ղևոնդյանը նշել է. «Էկոնոմիկայի նախարարությունը մարզերում պարբերաբար կազմակերպում է տարբեր թեմաներով դասընթացներ։ Թեմաների ընտրությունն իրակացվում է ինչպես ֆերմերների առաջարկով, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող այլ անձանց և գիտնականների առաջարկների հիման վրա: Դասընթացների նպատակը նորարարական մոտեցումների և ավելի արդյունավետ գյուղատնտեսություն վարելու վերաբերյալ շահառուների լայն շրջանակներում տեղեկատվություն տարածելն է»: Օրվա դասընթացը վարել է նախարարության այգեգործության գծով խորհրդատու Սպարտակ Զախարյանը։ Հաշվի առնելով Հայաստանում մշակվող պտղատու մշակաբույսերի տեսակները, դասընթացի ընթացքում մասնագետն անդրադարձել է ծիրանենու, խնձորենու, դեղձենու և այլ պտղատու ծառատեսակների էտի և ձևավորման առանձնահատկություններին, ինչպես նաև սխալ էտի հետևանքով առաջացող խնդիրներին։ Սպարտակ Զախարյանը նշել է, որ այգեգործության հիմնական նպատակը բերքի ստացումն է, ոչ թե փայտանյութի. հողից կլանվող սննդանյութերը ամբողջովին պետք է ծառայեն բերքատվությանը: Նրա խոսքով՝ էտի ձևավորման աշխատանքները հարկավոր է կատարել բույսերի հանգստի շրջանում։ Մասնագետը հորդորել է էտի ձևավորումից հետո սկսել վաղ գարնանային բուժման աշխատանքները՝ վնասատուներից և սնկային հիվանդություններից խուսափելու համար։ Ցանկացողները կարող են մասնակցել դասընթացներին և ձեռք բերել գրագետ գյուղատնտեսություն վարելու հմտություններ:

Նմանատիպ նյութեր