211652_close_icon
views-count1320 դիտում article-date 09:25 11-03-2020

Կառավարությունը անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի է բերում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարությունն այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի բերելու աշխատանքներով: Խնդիրն այն է, որ Արդարադատության նախարարությունը պետք է այս տարվա ընթացքում արդեն ներկայացնի այն գործիքակազմը, որով գործի կդրվեն անցումային արդարադատության լծակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նպատակ կա առաջիկայում արդեն հստակեցնել փաստահավաք խմբի կազմը: Ինչպես հայտնի է, փաստահավաք խումբը պետք է զբաղվի 1991-2018 թվականներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ իշխանությունները նպատակ ունեն փաստահավաք խմբում ներառել լուրջ անձանց, և հնարավոր է, որ այս գործընթացին որևէ մասնակցություն այդպես էլ չունենան օրենսդիրները, քանի որ պետք է խմբում լինեն շատ պրոֆեսիոնալ մարդիկ: Եվ հետաքրքիր է, որ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 6-ին Թունիսում մասնակցում էր անցումային արդարադատության վերաբերյալ գիտաժողովին: «Ամեն ինչ մեր ռազմավարությունում ֆիքսված է՝ այն ժամկետները, որի շրջանակներում մենք պետք է ներկայացնենք ամեն ինչ: Փաստահավաք խմբի հետ կապված՝ մենք նախագիծը կներկայացնենք, կտեղեկանաք, թե ինչի մասին է խոսքը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Գրիգորյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր