211652_close_icon
views-count2479 դիտում article-date 20:24 10-03-2020

ՀՀ ԱԺ նախագահը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ: Ողջունելով իր հայ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Սերբիայի խորհրդարանում՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Միջխորհրդարանական միության նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո: Սերբիայի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդները պատմական ջերմ կապեր ունեն: Մայա Գոյկովիչը հիշատակել է 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո սերբ ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության մասին, որի փոխադրման ժամանակ ավիավթարի զոհ դարձան սերբ օդաչուները: Նա հավելել է, որ իր հերթին Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ցուցաբերեց տարիներ առաջ Սերբիայում տեղի ունեցած տարերային ջրհեղեղից տուժածներին: Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ վերահաստատել երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական կապերը, որտեղ իր դերն է խաղում նաեւ Սերբիայում հայկական համայնքը, որն իր սատարումն է ստանում պաշտոնական Բելգրադի կողմից: Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է հսկայական քաղաքական եւ տնտեսական համագործակցության ներուժ, որը վստահաբար համատեղ ուժերով պիտի կյանքի կոչվի: Հատկանշական է նաեւ երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման գործընթացը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարները, հնարավոր տնտեսական համագործակցությունը, երկու խորհրդարանների առավել ինտենսիվ փոխգործակցությունը թե' երկկողմ մակարդակում բարեկամական խմբերի եւ մշտական հանձնաժողովների միջեւ, թե' բազմակողմ հարթակներում: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին անդրադարձ կատարելիս համաձայնել են, որ չնայած դրանց միջեւ առկա տարբերություններին՝ խաղաղ բանակցությունները չունեն որեւէ այլընտրանք եւ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առնվազն չվնասել միմյանց շահերին միջազգային հարթակներում: Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւ Մայա Գոյկովիչը ստորագրել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հուշագիր եւ հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: Նշենք, որ մինչ պաշտոնական հանդիպման մեկնարկը երկու խորհրդարանների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ 1988 թվականի ավիավթարի ժամանակ զոհված օդաչուների:

Նմանատիպ նյութեր