211652_close_icon
views-count1164 դիտում article-date 10:49 10-03-2020

Իշխանություններին պե՞տք է անկախ դատական համակարգ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Չկա աշխարհում մի պետություն, որի շարքային քաղաքացիներին հետաքրքրեն սահմանադրական կարգավորումների առանձնահատկությունները և Սահմանադրական դատարանի կազմը: Մարդկանց հուզում են շատ ավելի պարզ, առօրեական խնդիրներ՝ իրենց եկամուտը, իրենց անվտանգությունն ու իրենց երեխաների ապագան: Այդպես է ամենուր: Բարեկեցիկ Նորվեգիայից սկսած և չքավոր Սոմալիով ավարտած: Եվ անիմաստ է ու քաղաքականապես անհեռատես՝ որևէ մարդու դրա համար կշտամբել: Շատ բնական է, որ Հայաստանում էլ ՍԴ կազմին վերաբերող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակ քարոզիչների և քաղաքացիների երկխոսությունն անխուսափելիորեն շեղվում է բուն նյութից և հանգում է աշխատավարձի չափին, աշխատանք ունենալ-չունենալուն, կամ, ասենք, սեփական կրպակը առանց պետական անհիմն միջամտության աշխատեցնելուն և այլն: «Այո»-ի քարոզիչների խնդիրն է կապ ստեղծել այդ առօրյա հարցերի և ՍԴ կազմի փոփոխության միջև: Փոքր ինչ պարզեցնելով՝ կարելի է ձևակերպել այսպես՝ ապացուցել, որ մարդիկ ավելի բարեկեցիկ կապրեն, եթե Հրայր Թովմասյանն ու ՍԴ մնացած «հնից եկած» դատավորներն այլևս չպաշտոնավարեն: Այդ կապը կարելի է ստեղծել թե՛ հուզական և թե՛ բանական մակարդակների վրա: Հուզականը պարզ է. «նրանք» (այսինքն՝ նախկինները) ձեզ թալանում էին, բոլոր բիզնեսների մեջ 50/50 փայ էին մտնում, ամեն ինչ կաշառքով էին անում, և հենց այդ պատճառով էիք դուք վատ ապրում, «նրանցից» մնացել է միայն ՍԴ-ն՝ եթե այդ կարևոր պետական կառույցի կազմը փոխվի, այլևս ոչ մի խոչընդոտ չի լինի ձեր բարեկեցության համար: Ինձ թվում է՝ քաղաքացիների մեծամասնության համար այդ փաստարկը բավարար է: Բայց կա նաև բանական մակարդակ. Սահմանադրական դատարանի և մնացած բոլոր դատարանների անկախությունն իսկապես կարևոր է տնտեսության զարգացման համար: Բանն այն է, որ իսկական շուկայական հարաբերությունները չեն կարող զարգանալ առանց խիստ, անվերապահ և համընդհանուր օրինականության: Եվ այդ առումով էական է, որ բոլոր մակարդակների դատարաններն ապահովեն այդ օրինականությունը: Ոչ ՍԴ-ն, ոչ էլ երեք ատյանների դատարաններն անցյալ տարիներին դա չեն արել: Սակայն հարց է առաջանում. արդյոք ներկայիս իշխանություններին պե՞տք է անկախ, չքաղաքականացված դատական համակարգ: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ նրանց, ինչպես և նախորդ իշխանություններին նման համակարգ պետք չէ: Տեղ խնայելու համար նշեմ ընդամենը երկու փաստ. 1) ԱԺ մեծամասնությունը մերժեց ՀՀ նախագահի առաջարկած երկու չքաղաքականացված պրոֆեսիոնալների թեկնածությունները ՍԴ դատավորի պաշտոնում՝ իր համար նախընտրելի Վահե Գրիգորյանին այդ տեղը տալու համար: 2) ՍԴ-ից և մնացած դատարաններից իշխանությունների դժգոհությունների մեծ մասը կապված է Քոչարյանի գործի հետ: Բայց հնարավոր է՝ ես սխալվում եմ: Իմ սխալը կբացահայտվի այն դեպքում, երբ ՍԴ նոր կազմը որևէ որոշում ընդունի, որը ներկա իշխանությունների քիմքին չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր