211652_close_icon
views-count1372 դիտում article-date 11:56 08-03-2020

Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր. Վարչապետի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ: «Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ: Այս օրը միայն շնորհավորանքների և մեր սիրելի կանանց, մայրերին, քույրերին ու դուստրերին ջերմ խոսքեր ու ծաղիկներ նվիրելու առիթ չէ, այլև ևս մեկ անգամ արձանագրելու օրվա խորհուրդը, որը կապված է կանանց իրավունքների պաշտպանության հետ: Թեև մեր երկրում կանանց իրավունքների պաշտպանության առումով ակնհայտ խնդիրներ ակնառու չեն, մշտապես տեղին է կանանց իրավունքների հետ կապված հարցերի քննարկումն ու բարձրաձայնումը: Ցավոք, կանանց նկատմամբ բռնության դրսևորումներ մեր հանրության շրջանում դեռևս տեղի են ունենում, ինչը անթույլատրելի և անընդունելի է, առավելևս բռնությունից զերծ հանրություն ունենալու մեր համազգային տեսլականի համատեքստում: Մեր խնդիրն է՝ բարձրացնել կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների մակարդակն ու որակը, որն ի վերջո պիտի հանգեցնի համապատասխան մարմինների կողմից դրանց կանխարգելմանն ու բացառմանը: Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր։ Դրա վկայությունն է այն, որ երկու տարի առաջ հենց կանանց աննախադեպ քաղաքական ակտիվությունը դարձավ այն շրջադարձային կետը, որը թույլ տվեց Հայաստանում իրականացնել պատմական փոփոխություններ: Նոր Հայաստանում կանայք պետք է հանրային, քաղաքական, տնտեսական առումով լինեն ակտիվ, քաղաքական, տնտեսական, հանրային առաջնորդության ավելի մեծ հնարավորություններ ունենան։ Դա մեր կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է: Պատահական չէ, որ պետական կառավարման համակարգի բարձր օղակներում այսօր հաջողված գործունեություն են ծավալում բազմաթիվ կանայք և իմ պատկերացմամբ՝ նրանց թիվը գնալով ավելի պիտի մեծանա։ Սիրելի՛ կանայք, Մեր կառավարությունը հետամուտ է լինելու ձեր կողմից բարձրաձայնվող խնդիրների լուծմանն ու նախաձեռնելու է այնպիսի ծրագրեր, որոնք առավել հնարավոր են դարձնելու ձեր ներուժի լիարժեք իրացումը թե՛ ընտանիքում և թե՛ հանրային կյանքում։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր տոնի կապակցությամբ՝ մաղթելով մասնագիտական հաջողություններ, նորանոր նախաձեռնություններ և ընտանեկան ջերմություն»,- ասվում է ուղերձում:

Նմանատիպ նյութեր