211652_close_icon
views-count1291 դիտում article-date 11:50 08-03-2020

Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին մարտի 8-ի տոնական առիթով. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին մարտի 8-ի տոնական առիթով: Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քրիստոնեական արժեքներով պայծառացյալ, քաջարի, անձնուրաց և առաքինի վարքի տեր կանանց օրինակներով, որոնց համար ներշնչման աղբյուր է եղել Սուրբ Աստվածածնի լուսավոր կերպարը։ Տոնական այս օրը առիթ է վերարժևորելու կնոջ դերը մեր ազգային կյանքում, նրա հանձնառությունը ընտանիքների ամրության և մատաղ սերնդի դաստիարակության գործում, նաև գնահատելու կանանց կարևոր ներդրումը մեր պետության առաջընթացի, ներկայիս հասարակության զարգացման ընթացքներում: Արդարև, այսօր տարբեր բնագավառներում իրենց գովարժան գործունեությամբ կանայք նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով զարդարում են մեր հայրենիքի և ժողովրդի կյանքը։ Մեր մաղթանքն է ձեզ, սիրելի կանայք և օրիորդներ, որ Բարձրյալն Աստված Իր ամենախնամ Սուրբ Աջով պահպանի և զորացնի ամենքիդ՝ օրինակելի ընթացքով, սիրո, նվիրումի և հոգատարության ձեր նախանձախնդրությամբ շարունակելու ջանքերը՝ հանուն ձեր ընտանիքների երջանկության, մեր ժողովրդի շեն ու ծաղկուն կյանքի, մեր հայրենիքի հզորության ու բարօրության։ Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր ողջ ժողովրդին և հայրենի մեր երկիրը` պարգևելով բոլոր կանանց շնորհառատ ու բերկրաշատ կյանքի երկար քաջառողջ տարիներ և բյուր բարիքներ:

Նմանատիպ նյութեր