211652_close_icon
views-count11240 դիտում article-date 20:09 05-03-2020

Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ

Այսօր մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը: Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Լիլիթ Բեգլարյանը: Այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպում է տեղի ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) / EPP - European People's Party նախագահ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ապա ևս մեկ անգամ շնորհավորել Դոնալդ Տուսկին` ԵԺԿ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել հաջողություններ: Զրուցակիցները երկուստեք կարևորել են Բրյուսելում դեռևս 2017 թվականին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հանդիպման ժամանակ ԵԺԿ նախագահի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հանրապետական կուսակցության հետ ԵԺԿ շրջանակներում արդյունավետ զարգացող համագործակցությանը և հետագա անելիքներին: Դոնալդ Տուսկը և Սերժ Սարգսյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Սերժ Սարգսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը Հայաստանում ժողովրդավարության զարգացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից: Անդրադարձ է կատարվել իրական ժողովրդավարության համար պոպուլիզմի վտանգներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի Սահմանադրության և բացառապես իրավական գործընթացների շրջանակում, համապատասխան մասնագիտացված կառույցների առավելագույն ներգրավմամբ ու փորձագիտական եզրակացությունների հիման վրա: ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում այսօր տեղի են ունեցել մի շարք այլ հանդիպումներ ևս: Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանին թույլատրել է աշխատանքային այցի շրջանակներում մեկնել Եվրոպա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր