211652_close_icon
views-count1979 դիտում article-date 23:16 05-03-2020

Քննարկվել է ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանի պետական գնումների էլեկտրոնային համակարգի նորացման հնարավորության հարցը

ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները: Նախատեսվում է, որ համակարգը պատրաստ կլինի 2021 թվականին: Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրման գաղափարը բխում է Հայաստանի կառավարության գործունեության և ՀՀ պետական ֆինանսների կառավարման 2019-2023 թթ. համակարգի բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրերից: Գործընթացի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ համակարգի ներդրումն իրականացնել բանկի աջակցությամբ: Այս կապակցությամբ բանկի խորհրդատուների մասնակցությամբ նախարարությունում կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում խորհրդատուները ներկայացրել են բանկի կողմից առաջարկվող համակարգի բիզնես մոդելը, ինչպես նաև ֆունկցիոնալ և տեխնիկական կառուցակարգերին վերաբերող պայմանները: Հանդիպման արդյունքում խորհրդատուների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջարկվող համակարգի բիզնես մոդելի վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու մասին: Նոր համակարգը հնարավորություն կտա ընդլայնել օգտագործող պատվիրատուների շրջանակը, կլինի բաց կառավարման տվյալների մոդելով հավաքագրվող տեղեկատվություն: Հնարավորություն կընձեռվի ավտոմատացված եղանակով իրականացնել վերլուծություններ և մոնիտորինգ: Իրականացվող փոփոխության նպատակն է ունենալ տարածաշրջանում առավել արդիական ու Հայաստանի կարիքներին բավարարող էլեկտրոնային գնումների համակարգ:

Նմանատիպ նյութեր