211652_close_icon
views-count3649 դիտում article-date 16:47 05-03-2020

Կորոնավիրուսի բռնկումը՝ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի անկման հիմնական պատճառ. Պարենային ապրանքների համաշխարհային գները փետրվարին նվազել են

Փետրվարին՝ պարենային ապրանքների համաշխարհային գները չորս ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել են: Պատճառն այն է, որ կտրուկ նվազել են բուսական յուղերի արտահանման գները, կապված այն տագնապների հետ, որ կորոնավիրուսի (COVID-19) բռնկման հետևանքով համաշխարհային պահանջարկը կնվազի: Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, փետրվարին կազմել է միջինը 180.5 նիշ, ինչը 1.0 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ, սակայն 8.1 տոկոսով բարձր մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի համեմատ: ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունվարի համեմատ նվազել է 10.3 տոկոսով: Սա հետևանք է այն բանի, որ արմավենու յուղի միջազգային գինը, Մալայզիայում ակնկալվող արտադրանքի մեծ ծավալների, ինչպես նաև Հնդկաստանում ներմուծման պահանջարկի ժամանակավոր նվազման և կորոնավիրուսի տարածման վտանգների ֆոնին`էապես նվազել է: ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը փետրվարին նվազել է 0.9 տոկոսով: Ցորենի գինը ցածր է եղել՝ շնորհիվ շուկաներում առկա բավարար քանակների, մինչդեռ եգիպտացորենի գինը նվազել է, քանի որ համաշխարհային տնտեսության ակնկալվող թուլացման պատճառով նվազել է անասնակերի գինը: Ի հակադրություն, աճել են բրնձի միջազգային գները՝ պայմանավորված Հեռավոր Արևելքի և Արևելյան Աֆրիկայի գնորդների մեծ պահանջարկով: ՊԳԿ մսի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.0 տոկոսով, ինչը հետևանք է Չինաստանի կողմից ներկրման ծավալների անկման, որն էլ պայմանավորված է նավահանգիստներում բեռների բեռնաթափման ձգձգումներով: Երաշտի պատճառով Նոր Զելանդիայում իրականացված մորթը իր ազդեցությունն է ունեցել ոչխարի մսի գնառաջարկի վրա, իսկ թռչնամսի գնի վրա ազդել է Ասիական երկրների կողմից ներկրման ցածր մակարդակը: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը աճել է 4.6 տոկոսով, հիմնականում պանրի գնի բարձրացման պատճառով, որը մասամբ կապված է Ավստրալիայում կաթի արտադրանքի կրճատման հետ: Ի հակադրություն, կաթի փոշու գինը նվազել է, քանի որ Չինաստանը, որպես կաթի փոշի ներկրող աշխարհի խոշորագույն երկիր, դանդաղեցրել է գնումների գործընթացը: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն աճել է 4.5 տոկոսով, որին նպաստել է Հնդկաստանում և Թայլանդում ակնկալվող արտադրանքի քանակի նվազումը, և ներկրման համաշխարհային բարձր պահանջարկը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Նմանատիպ նյութեր