211652_close_icon
views-count17656 դիտում article-date 15:08 05-03-2020

Հայաստանում հետազոտել են կորոնավիրուսով պացիենտի կնոջը, ընդհանուր կատարել են 162 հետազոտություններ. Արսեն Թորոսյան

Հայաստանում հունվարի վերջից մինչ օրս անցկացվել է կորոնվիրուսի ստուգման 162 լաբորատոր թեստ, բոլորի արդյունքները բացասական էին, բացի Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդու արդեն հայտնի մեկ դեպքից: Այս մասին Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Պացիենտը հիմա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում է, ներկայումս ոչ մի գանգատ և ախտանիշներ չունի: Մասնագետները նաև կրկնակի հետազոտել են նրա կնոջը, կորոնավիրուսի ստուգման անալիզի արդյունքները բացասական էին, սա նշանակում է, որ կինը վարակված չէ: «Չնայած սա ինֆեկցիոն հիվանդություն է, մեր փորձը ցույց է տալիս, որ այն այնքան էլ վարակիչ չէ. նույնիսկ միասին ապրող մարդիկ ոչ միշտ են վարակվում»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պացիենտի հետ շփված 31 քաղաքացիները դեռևս Ծաղկաձորում են կարանտինի մեջ: Նրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով՝ սնունդից մինչև գրքեր, ինտերնետ և հեռուստատեսություն: Նախատեսվում է, որ նրանք այնտեղ անցկացնելու են 14 օր. եթե մինչև մարտի 14-ը նրանց մոտ ինֆեկցիա չհայտնաբերվի, կարող են տուն վերադառնալ: Նախարարի խոսքով՝ այս պահին մեկուսացված քաղաքացիներից ոչ մեկի մոտ ոչ մի ախտանշան չկա:

Նմանատիպ նյութեր