211652_close_icon
views-count3257 դիտում article-date 10:37 05-03-2020

Անառողջ հասարակության նշանները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Ասե՞լ, թե՞ չասել մարդկանց ճշմարտությունը: Իշխանությունների մասին ճշմարտությունն ասելն առանձնապես դժվար չէ՝ մանավանդ այսօր: (Ուրիշ հարց, որ մինչև հեղափոխությունն այդ ճշմարտությունը ժողովրդին դուր էր գալիս, իսկ հիմա դա համարվում է գրեթե դավաճանության նման մի բան): Ընդդիմության մասին առանձնապես խոսելու բան չի մնացել, որովհետև ընդդիմադիր հայացքներ ունեցողներն այսօր Հայաստանում դարձել են հազվագյուտ տեսակ: Ամենաբարդը ժողովրդին իր մասին ճշմարտությունն ասելն է: (Իհարկե, դա պետք է անել ամենայն հարգանքով, առանց մեծամտության և սնոբիզմի): Դա դժվար է, որովհետև չի կարող արժանանալ ծափահարությունների և «սրտիկների»: Բայց ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս օգնել հիվանդին, եթե չասես նրան իր հիվանդության մասին: Եվ, ուրեմն, արձանագրենք՝ մեր ժողովուրդը, աշխարհի մնացած ժողովուրդների նման, հեշտությամբ է ենթարկվում մանիպուլյացիաների և հակված է խուճապի: Երկուշաբթի օրը սուպերմարկետների վրա «հարձակումը» դրա վառ ապացույցն է: Թվում է, թե դա ուղղակի զանգվածային պսիխոզի անհեթեթ դրսևորում է՝ մի՞թե մարդիկ մտածում են, որ կորոնավիրուսը միջուկային գրոհի նման մի բան է, և անհրաժեշտություն կառաջանա մի քանի ամիս նստել նկուղում: Ամենայն հավանականությամբ, ոչ մի բան էլ չեն մտածում, պարզապես խուճապի մեջ են, և վերջ: Կարելի է ծիծաղել և մոռանալ դրա մասին: Բայց ես այստեղ տեսնում եմ երկու վտանգ, հասարակական հոգեկան անառողջության նշաններ: Առաջին՝ մարդիկ ելնում են ռեսուրսների անբավարարության, դեֆիցիտի կանխավարկածից՝ «վայ, մակարոնները տարան, ինձ չի հերիքի»: Երբ մարդու աչքը միշտ «ուրիշի ամանի մեջ է», և նա համոզված է, որ այդ «ուրիշն» իր գաստրոնոմիական հաճույքներն է վայելում ի՛ր հաշվին, դա մշտական սթրեսի աղբյուր է, և մեծապես խոչընդոտում է մարդու ստեղծագործական էներգիայի դրսևորմանը: Այդպես հնարավոր չէ կերտել ո՛չ սեփական, ո՛չ էլ երկրի բարեկեցությունը: Երկրորդ՝ այն մարդը, որը մակարոնի մի քանի արկղ գրկած փակվել է իր տանը, նա, հավանաբար, կորոնավիրուսով չի հիվանդանա: Բայց նրա ուղեղում և ամբողջ օրգանիզմում տեղի կունենան այնպիսի գործընթացներ, որոնք թերևս կորոնավիրուսից ավելի վտանգավոր են: Նա, այդ բառի գրեթե ուղիղ իմաստով, թունավորվում է վախով: Այստեղից՝ իմ առաջարկը: Լսել բժիշկներին և պահպանել հիգիենայի կանոնները: Ապրել սովորական ակտիվ կյանքով: Հնարավորինս քիչ մտնել սոցիալական ցանցեր: Վերջին առաջարկս ուժի մեջ է նաև կորոնավիրուսի պատմության ավարտից հետո»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր