Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտերով
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը երկկողմ ուղղություններով դյուրացվում է, նրանք կարող են այցեր կատարել ID քարտերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ ներկայացնելով Վրաստան կատարած իր այցի մանրամասները:
«Այցը շատ բարձր մակարդակով անցավ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Գիորգի Գախարիային, վրաց բոլոր գործընկերներին արդյունավետ և տպավորիչ այցի համար: Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի, քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրվել է քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիր: Դա ենթադրում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են ID քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ: