211652_close_icon
views-count2237 դիտում article-date 15:09 04-03-2020

Կանանց խիզախության միջազգային մրցանակի կարժանանա Հայաստանից լրագրող Լյուսի Քոչարյանը

ԱՄՆ-ում պետքարտուղարության կողմից անցկացվող Կանանց խիզախության միջազգային մրցանակի է արժանանալու Հայաստանը ներկայացնող լրագրող Լյուսի Քոչարյանը: Նրանից բացի խիզախության մրցանակի են արժանանալու նաև 11 կանայք աշխարհի տարբեր երկրներից: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունն ընդունելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Ելույթով հանդես կգա ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը. նա անդրադարձ կկատարի 12 խիզախ կանանց գործունեությանը: Միջոցառմանը ներկա է լինելու ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Լյուսի Քոչարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ իր նախաձեռնությունը հասավ միջազգային հարթակ: «Կարելի է ասել՝ #voice_of_violence -ը հասավ միջազգային հարթակ։ Ինչպես ես ասում էի՝ ինձ հնարավոր չի վախեցնել, շանտաժի ենթարկել, սպառնալ, լռեցնել։ Մեծ հանդիսություն է լինելու, մրցանակներ ենք ստանալու ԱՄՆ առաջին տիկնոջ՝ տիկին Թրամփի կողմից»,- նշել է Լյուսի Քոչարյանը: Լյուսի Քոչարյանը սոցիալական ցանցում հանդես էր գալիս #voice_of_violence նախաձեռնությամբ՝ ներկայացնելով սեռական բռնության ենթարկված կանանց ու աղջիկների պատմությունները: Կանանց խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը այս տարվա ամենախիզախներից են՝ Ամայա Քոփինսը (Amaya Coppens) Նիկարագուայից, Ջալիլա Հեյդերը (Jalila Haider) Պակիստանից, Քլեյր Աուեդրաոգոն (Claire Ouedraogo) Բուրկինա Ֆասոյից, Զարիֆա Ղաֆարին (Zarifa Ghafari) Աֆղանստանից, Սուսաննա Լյուն (Susanna Liew) Մալազիայից, Շահլա Հումբատովան (Shahla Humbatova) Ադրբեջանից, Ռիտա Նյամպինգան (Rita Nyampinga) Զիմբաբվեից, Խիմենա Գալարզան (Ximena Galarza) Բոլիվիայից, Յասմին Ալ Քադհին (Yasmin al Qadhi) Եմենից, Ամինա Խոլանին (Amina Khoulani) Սիրիայից, Սայրագուլ Սաութբեյը Չինաստանից (Sayragul Sauytbay): Տարիներ շարունակ աշխարհի տարբեր երկրներից պարգևատրվում ու խրախուսվում են կանայք, որոնք ցուցաբերել են բացառիկ քաջություն և խիզախություն՝ խաղաղության , արդարության հասնելու համար, մարդու իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության գործում:

Նմանատիպ նյութեր