211652_close_icon
views-count4112 դիտում article-date 19:47 03-03-2020

Թորոսյանն Իրանի առողջապահության նախարարի հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը. Իրանում վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է ավելի քան 800-ով

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ քննարկել է Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին: Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն այն: Նաև հետաքրքրվեցի երկրում առկա իրավիճակով: Նախարար Նամակին հայտնեց, որ երկրում ստեղծվել են բավարար լաբորատոր և բուժական հզորություններ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, ինչպես նաև վստահեցրեց ինձ, որ դրանք համապատասխանում են միջազգային մոտեցումներին»,- գրել է նախարարը: Թորոսյանն ու Նամակիին պայմանավորվել մշտական կապի մեջ լինել` երկրներում առկա իրավիճակի և իրականացվող քայլերի մասին միմյանց տեղեկացնելու և փորձի փոխանակման համար: Մարտի 2-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեպքերի հետ կապված Հայաստան-Իրան սահմանահատումների սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով: «Մարտի 2-ին՝ առավոտյան, վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, Կառավարությունն արտահերթ որոշում է կայացրել, որը, հավանաբար, այսօր կհրապարակվի և վաղն ուժի մեջ կմտնի: Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատումների հետ սահմանափակումներն ընդունվել էին 2 շաբաթ ժամանակով՝ մինչև մարտի 10-ը: Այդ երկրում առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում ընդունվեց այդ սահմանափակումները երկարացնել ևս 2 շաբաթով՝ մինչև մարտի 24-ը: Բեռնափոխադրումների մասով որոշակի բացառություններ կային, որոնք կհանվեն և ժամանակավորապես կմնան սահմանափակումների դաշտում»,- նշել է Արսեն Թորոսյանը: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է ավելի քան 800-ով՝ մինչեւ 2336, զոհերի թիվը հասել է 77-ի:

Նմանատիպ նյութեր