211652_close_icon
views-count3210 դիտում article-date 14:54 03-03-2020

Հայաստանյան բանկերում առկա է շուրջ 3.1 տրլն դրամի ավանդ. 1 տրլնը ոչ ռեզիդենտներինն է

Հայաստանում ավանդների ծավալը շարունակաբար աճում է, նախորդ տարի այն ավելացել է 19 տոկոսով: Ընդ որում` այս տարի առկա շուրջ 3.1 տրլն դրամի վարկերից 1 տրլն դրամը ոչ ռեզիդենտների ավանդներն են: «[url=https://https://armenpress.am/arm/news/1007059.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: «Ունենք մոտավորապես 3.1 տրլն դրամի ավանդներ, որից շուրջ 1 տրլն դրամը ոչ ռեզիդենտների ավանդներն են։ Միայն 2019-ին ունեցել ենք ավանդների շուրջ 19 տոկոս աճ, ինչը բավականին լավ դինամիկա է: Մենք անգամ խորը ճգնաժամերի ժամանակ չենք ունեցել ավանդների նվազում, միշտ ունեցել ենք աճ՝ անգամ 2009-ին, 2014-ին և 2018-ի քաղաքական զարգացումների ժամանակ»,-ասաց Գրիգորյանը: 2018-ի վերջին ունեցել ենք ավանդների շուրջ 10.7 տոկոս աճ: Անդրադառնալով այն տեղեկություններին, թե 2018-ին հեղափոխության օրերին ոմանք իրենց ավանդները հանել էին բանկերից՝ նա նշեց՝ իսկապես 2018-ի սկզբին, երբ քաղաքական շարժումները սկսվեցին, նկատվեց որոշակի արտահոսք: «Դրանք կարող էին լինել ոչ ռեզիդենտների ավանդները: Սակայն դրանք ոչ թե հանեցին տարան ուրիշը տեղ, այլ մի 3-4 ամիս հետո կրկին ամբողջությամբ վերադարձան: Եվ ավելին այդ ժամանակ ունեցանք 10 տոկոսի չափով աճ: Դա բավականին լավ ցուցանիշ էր, և խոսում է ֆինանսական համակարգի, բանկային համակարգի նկատմամբ վստահության մասին»,-ասաց Գրիգորյանը: Նա նկատեց՝ ֆինանսական կայունության վրա ամեն բան կարող է ազդեցություն ունենալ, սակայն դա չի նշանակում, թե ֆինանսական անկայունություն ունենք: «Մեր առանձնահատկությունն այն է, որ մենք ունեինք բավական լավ կապիտալացված ֆինանսական համակարգ, և բանկերը վայելում էին վստահություն ներդրողների և հաճախորդների շրջանակում: Հենց այդ վստահությունն էր, որ օգնեց մեր ֆինանսական համակարգին հեշտությամբ հաղթահարել 2018-ը, և ոչ միայն 2018-ը, 2009-ին ունեցանք շուրջ 23 տոկոս արժեզրկում, 2014-ին ունեցանք շուրջ 15 տոկոս արժեզրկում»,-ասաց նա: Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում ֆինանսական համակարգի միջին կշռված կապիտալի համարժեքության ցուցանիշը կազմում է շուրջ 17 տոկոս, ինչը բավականին բարձր է: Նվազագույնը սահմանվել է 12 տոկոս: Եվրոպայում ընդունված նվազագույն մակարդակը 8 տոկոսն է, նա նկատեց՝ այսինքն՝ Եվրոպայում ընդունված նվազագույն 8-ից արդեն երկու անգամ ավելի կապիտալի համարժեքության ցուցանիշ ունենք: Գրիգորյանը վստահեցնում է՝ Հայաստանում ֆինանսական համակարգը բավականին իրացվելի է՝ սպասարկելու հաճախորդների ցանկացած պահանջ, միևնույն ժամանակ կորուստների դեպքում ունի բավականին մեծ կապիտալ՝ կլանելու պոտենցիալ կորուստներ:

Նմանատիպ նյութեր