211652_close_icon
views-count4564 դիտում article-date 10:36 03-03-2020

Կորոնավիրուսը և մասոնները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Կորոնավիրուսն եկավ Հայաստան»՝ երկու օր շարունակ մարդիկ բարևելու փոխարեն այդ տեղեկությունն են իրար հաղորդում: Այս նախադասությունն արտասանվում է այնպիսի ողբերգական, տագնապալի եղանակով, կարծես Հայաստան է ժամանել Ֆրեդի Կրյուգերը կամ Ֆրանկենշթեյնը, որոնք շրջում են փողոցներով և խմում են մարդկանց արյունը: Մարդիկ մոռանում են, որ խոսքն ընդամենը գրիպի մասին է, որն, այո, կարող է, ցավոք սրտի, հանգեցնել թոքաբորբի և մարդկանց մահվան: Ինչպես և ցանկացած գրիպ: Ինչպես և H1N1 վիրուսը, որը վաղուց արդեն Հայաստանում է և, որոշ մասնագետների կարծիքով, ավելի վտանգավոր է մարդկանց առողջության համար: Կորոնավիրուսի շուրջ ես տեսնում եմ շահարկումներ թե՛ գլոբալ և թե՛ տեղական մակարդակով: Մասամբ այդ շահարկումները պայմանավորված են լրատվամիջոցների կեցվածքով և սոցիալական ցանցերի «առանձնահատկությամբ»: ԶԼՄ-ների ո՞ր ապրանքն է ամենալավը վաճառվում ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում: Այն լուրերը, որոնք տագնապ են առաջացնում. երկիրը կործանվում է, մենք անդունդի եզրին ենք, ՀՀԿ-ն վերադառնում է, վթարի ժամանակ այսքան մարդ է զոհվել՝ սպառողների գերակշիռ մասը մեծագույն հաճույքով «կուլ է տալիս» այս տեսակի լուրերը, անկախ նրանից՝ դրանք ճիշտ են, թե սխալ: Կորոնավիրուսն, իհարկե, լավ առիթ է սարսափելի հեքիաթներ պատմելու: Այդ թվում նաև «դավադրական» հեքիաթներ: Ինձ հարցնում են՝ կա՞ արդյոք մարդկային գործոն կորոնավիրուսի այս պատմության մեջ։ Վստահաբար պատասխանում եմ՝ այո, կա։ Մարդկային գործոնը տգիտությունն է, նախապաշարումները, խուճապը, սնահավատությունը, հիգիենայի նորմաները չպահպանելը։ Գուցե նաև որոշ երկրների իշխանությունների անբարեխիղճ վերաբերմունքը խնդրին, վատ կառավարումն ու «մախաթը պարկում թաքցնելու» անիմաստ ձգտումը։ Գումարած, իհարկե, խուճապի վրա որոշ անբարոյական մարդկանց փող աշխատելու ձգտումը՝ սկսած սանիտարական դիմակները թանկ գներով վաճառելուց: Բայց երբ քաղաքացիներն ինձ հարցնում են «մարդկային գործոնի» մասին, նրանք բոլորվին այլ բան նկատի ունեն՝ պայմանականորեն ասած, «մասոնների» (ցանկացած կիսաառասպելական «թշնամիների) դավադրությունը, որի հետևանքով կորոնավիրուսը «կապեցին հայ ժողովրդի ջանին»։ Այդ դեպքում իմ պատասխանը բացասական է՝ մասոններն այստեղ կապ չունեն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր