211652_close_icon
views-count4202 դիտում article-date 14:21 02-03-2020

ՀՀ-ից դիմակներ են արտահանվել. ՏՄՊՊՀ-ն բանակցում է արտերկրից նոր խմբաքանակ ներմուծելու ուղղությամբ

Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, Հայաստանի տարածքի 90 դեղատանը, ինչպես նաև դեղատնային ցանցերում իրականացված դիտանցման արդյունքում պարզվել է, որ խոշոր ցանցերը դիմակների գները չեն բարձրացրել, սակայն կա դրանց դեֆիցիտ: «[url=https://armenpress.am/arm/news/1006918.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: «Դեղատներում մարտի 1-ին իրականացված դիտանցման արդյունքում պարզել ենք, որ ոչ խոշոր վաճառողների կողմից դիմակներ են արտահանվել: Արձանագրել ենք նաև, որ որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գները չեն բարձրացվել: Այս պահին կան ցանցեր, որտեղ դիմակ չկա, բայց գները չեն աճել»,- նշեց Գևորգյանը: Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե ստեղծվում է դիմակների արհեստական դեֆիցիտ կամ առկա է գների չհիմնավորված բարձրացում: «Փոքր դեղատներում կա դիմակների գների բարձրացում, օրինակ՝ մինչև 200 կամ 300 դրամ: Այս պահին բանակցություններ ենք վարում մեր դրսի գործընկերներին հետ, որպեսզի ՀՀ-ի ներմուծողները կարողանան դիմակների նոր խմբաքանակ բերել: Դրսի գործընկերները հայտնում են, որ ամբողջ աշխարհում կա դիմակների դեֆիցիտ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը: Գևորգյանը նաև շեշտեց, որ Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորված դիմակների քանակ, պետական ռեզերվում դրանց պակասը չկա: Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Այս պահին թեստավորվել է ևս 9 հոգի, և այժմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են դրանց պատասխաններին:

Նմանատիպ նյութեր