211652_close_icon
views-count3331 դիտում article-date 23:04 01-03-2020

Արամ Ա-ն ընդունել է լրագրողների համահայկական ֆորումը համակարգող խորհրդի ներկայացուցիչներին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է լրագրողների համակայկական ֆորումը համակարգող խորհրդի անդամների հետ, հայտնում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ֆեյսբուքյան էջը: «Այսօր՝ Կիրակի, 1 Մարտ 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց լրագրողներու համահայկական ֆորումը համակարգող խորհուրդը, որուն մաս կը կազմէին, Սաթիկ Սէյրանեան – «168 ժամ» թերթի գլխաւոր խմբագիր և Հայաստանի ժուռնալիստներու միութեան նախագահ, Տիգրան Յարութիւնեան – «Նոյան Տապան» լրատու գործակալութեան հիմնադիր և տնօրէն, Լրատուամիջոցներու համահայկական ընկերակցութեան նախագահ, Միքայէլ Հաճեան – Լրագրող, հրապարակախօս, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան, Արամ Անանեան – «Արմենփրես» լրատու գործակալութեան ընդհանուր տնօրէն և խմբագիր, Շահան Գանտահարեան – գլխաւոր խմբագիր «Ազդակ» օրաթերթի, Սևակ Յակոբեան – գլխաւոր խմբագիր «Զարթօնք» օրաթերթի: Յայտնենք, որ անցեալ տարի Նորին Սրբութեան նախաձեռնութեամբ ու նախագահութեամբ հայ մամուլի համահայկական համագումար մը տեղի ունեցած էր Անթիլիասի Մայրավանքէն ներս, և վերոնշեալ խորհուրդը նշանակուած էր, որպէսզի աւելի յստակացնէ համագումարէն բխած առաջարկները՝ զանոնք իրականացնելու հեռանկարով: Վեհափառ Հայրապետին հետ հանդիպումը առիթ մը եղաւ արծարծելու հայ մամուլի դերակատարութեան, Հայաստան-Սփիւռք գործակցութեան, ազգային պահանջատիրութեան և ընդհանրապէս համահայկական բնոյթ ունեցող հարցեր, որոնց նկատմամբ Նորին Սրբութիւնը իր տեսակէտները պարզեց ներկաներուն: Յայտնենք նաև, որ Խորհուրդը իր առաջին լիակատար նիստը պիտի ունենայ Անթիլիասի Մայրավանքէն ներս, յառաջիկայ երկու օրերուն ընթացքին»,- ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր