211652_close_icon
views-count10379 դիտում article-date 23:16 29-02-2020

Իրանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել վերջին օրերի գործունեության մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Սկսած ս.թ. փետրվարի 19-ից, երբ պաշտոնապես հայտարարվել է Իրանում Կորոնավիրուս վարակի առաջին դեպքերի մասին, ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: Գործում է «թեժ գիծ», և սահմանված է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով: Գրանցվում են ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների բոլոր հարցումները և նրանց տրվում է անհրաժեշտ տեղեկատվություն: Օդային և ցամաքային սահմանով Հայաստան տեղափոխվող քաղաքացիներին տրվում է տեղեկատվական, կազմակերպական աջակցություն և հյուպատոսական անհրաժեշտ ծառայություններ: Մեկնողների հետ կա ուղիղ կապ: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ արտաքին գործերի, առողջապահության նախարարությունների և այլ պետական մարմինների հետ: ԻԻՀ համաճարակային վիճակի մասին, ըստ նահանգների, ամենօրյա տեղեկություններ են փոխանցվում ՀՀ պետական մարմիններին: Օրական գրանցվում են հարյուրավոր զանգեր և նամակներ, որոնց տրվում են բավարար պատասխաններ: Ստացվում են նաև բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ /մինչ օրս որևէ դժգոհություն կամ բողոք չի արտահայտվել/: Դեսպանությունը կապ ունի նաև ԶԼՄ-ների հետ, որոնց փոխանցվում են անհրաժեշտ տեղեկություններ: Մեզ հասանելի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել 130 ՀՀ քաղաքացիներ և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229, որոնց մեծ մասի հետ դեսպանությունն ունեցել է մշտական կապ»:

Նմանատիպ նյութեր