211652_close_icon
views-count4429 դիտում article-date 10:41 29-02-2020

Նա «թշնամիների» հետ չափից դուրս մեղմ է վարվում, «թավիշը շատ է», պատի տակ գնդակահարել և վերջ․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Երեկ մի միջավայրում խոսում էինք մի մարդու մասին, և հենց որ տվեցին նրա անունը, ես հավելեցի՝ «ներկայումս՝ ազգի թշնամի»: Զրուցակիցներիցս մեկը հարցրեց՝ «իսկ հնարավո՞ր է ապրել առանց ազգի թշնամիների»: Իմ պատասխանն էր՝ «ոչ, հնարավոր չէ, առավել ևս՝ հեղափոխությունից հետո, քանի որ ամբողջ աշխարհում հեղափոխություններն արվում են հենց այդ թշնամիներին ոչնչացնելու նպատակով»: Երբ հեղափոխությունների ընթացքում հեղափոխականներն ասում են, որ «վենդետաներ չեն լինելու», նրանք գուցեև անկեղծ են, բայց հաշվեհարդարներ չեն կարող չլինել, որովհետև լայն ժողովրդական զանգվածներն աջակցում էին հեղափոխությանը հենց «վենդետաների» ակնկալիքով և հեղափոխություններից հետո նրանց գլխավոր պահանջն է նոր իշխանություններին՝ ոչնչացնել բոլոր նրանց, ում համարում են թշնամիներ, դավաճաններ, թալանչիներ և այլն: Եթե նրանց ուզածով չլինի, հեղափոխական զանգվածները նոր ղեկավարությանը պարզապես հում-հում կուտեն: Եվ ավելին՝ Հայաստանում, օրինակ, Փաշինյանից գլխավոր դժգոհությունն այն է, որ նա «թշնամիների» հետ չափից դուրս մեղմ է վարվում, «թավիշը շատ է», ի՞նչ դատարան-մատարան, միանգամից պատի տակ գնդակահարել և վերջ: Դա կապ չունի հատկապես Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ՝ այդպիսին է հեղափոխությունների տրամաբանությունը: Այն մարդիկ, որոնք գոնե դպրոցական մակարդակով ծանոթ են համաշխարհային պատմությանը, դա կհաստատեն: Հետաքրքիր է նաև, որ դա վերաբերում է նաև չկայացած հեղափոխություններին: 1990-ականներին Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը և մնացածներն ամենևին դեմ չէին բռնություններին, հաշվեհարդարներին և Չաուշեսկուի տարբերակներին: Ինչո՞ւ: Որովհետև, իրենց կարծիքով, Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը դավաճանների, թշնամիների, «թուրքից էլ վատ» մարդկանց հավաքածու էր: Ի հեճուկս ժողովրդի մեծամասնության այդ ձգտումների՝ այն ժամանակվա իշխանությունը թույլ չտվեց հեղափոխություն և, պարտվելով 1995-96 թվականների ընտրություններում, կարողացավ ուժով պահել իշխանությունը: Հիմա վերը հիշատակված կուսակցությունները դեմ են «թշնամիների փնտրտուքին», բայց նրանց և ներկայիս իշխանությունների տարբերությունը սոսկ այն է, որ վերջիններս հաղթել են ու եկել են իշխանության, իսկ 1990-ականների հեղափոխականները չկարողացան գալ իշխանության: ․․․Վաղ թե ուշ այս իշխանությունն էլ կփոխվի, և հաջորդ իշխանության մեջ նույնպես ի հայտ կգան հմուտ ու պերճախոս հռետորներ, որոնք Փաշինյանին ու նրա թիմին կանվանեն «թշնամի» և «դավաճան»: Ու ես դարձյալ դեմ կլինեմ դրան»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր