211652_close_icon
views-count3483 դիտում article-date 21:28 28-02-2020

Մասիս Մայիլյանի նվիրաբերումը

Արցախում ընտրապայքարի դուրս եկած առաջնորդների և նրանց քաղաքական կուսակցությունների ֆենոմենալոգիան ամենատիպիկ արտահայտությամբ արտացոլում է նախագահ դառնալու ցանկությամբ համակված բոլոր թեկնածուների հոգեբարոյական արժեհամակարգը և միևնույն ժամանակ բացահայտում է տվյալ թեկնածուի բնավորության և իր քաղաքական ուժի գաղափարական գործելակերպի նույնականացումը։ Արցախում այն ավելի ցցուն է ու տեսանելի, քան վերջինիս նույն կարգավիճակն ունեցող այլ երկրներում։ Թե ինչու է այդպես, և որքանով է այն վտանգավոր ու թիրախային, կակնարկենք ստորև։ Այժմ անդրադառնանք նրանցից ամենաշատ հավակնություններ ու նկրտումներ ունեցող միակ «դիվանագետ» թեկնածուին, որն իրեն համարում է հեղափոխական և առաջադեմ, իսկ մյուսներին դիտարկում է իբրև պահպանողականների և վերարտադրվողների՝ բնականաբար, յուրայինների կողմից կիրառվող ագրեսիվ վարքագիծը քողարկելով ապատեղեկատվական աճպարարություններով։ Ի դեպ, ինչքան էլ տարօրինակ ու անհավանական հնչի, այնուամենայնիվ, այս «դիվանագետ» կոչվածի ոգին և շունչը ինքնին փոխանցվում են այն բոլոր համակիր-համախոհներին, որոնք, լեզուներին թուք առած, փառաբանում և գովաբանում են նրա կոկիկությունը, սանրվածքը, նրբագեղությունը, վայելչագեղությունը և էլի նման շատ բաներ։ Բայց արի ու տես, որ նրբաճաշակ այս դիվանագլուխն իր վերջին ասուլիսում վկայում է, որ Արցախի գործող կառավարությանն անդամակցել է միայն ու միայն իր կողմից հայրենիքի հանդեպ ազնիվ մղումներից դրդված և այն էլ 2016 թվականի ապրիլյան գործողություններից հետո, երբ իրեն «աղաչել ու պաղատել են» երկրի պատվավոր դիվանագետը դառնալու համար, իսկ ինքն էլ համաձայնվել է ու չի մերժել առաջարկը՝ նախադեպ չդառնալու և երկրին պատուհասող սպառնալիքները չեզոքացնելու և դրանք իսպառ բացառելու հանձնառությամբ։ Վա՜յ մեզ։ Ինչպիսի ինքնազոհաբերությու՜ն, ինչպիսի անձնազոհությու՜ն, մարդու սիրտն ակամայից ինքն իրեն փշուր-փշուր է գալիս։ Ահավասիկ այսպիսի իրավիճակներում է մարդու նվիրվածությունը, նրա նվիրաբերումը և անմռունչ հայրենասիրությունն ի հայտ գալիս։ Կեցցե՛ս, ուժե՛ղ տղա։ Ախր ինչու՞ այս երկրի իշխանավորները քեզ չէին հայտնաբերել Արցախյան պատերազմի օրերին, ինչու՞ նրանք այդ օրերին քեզ չդիմեցին, չէ՞ որ կարող էին, չէ՞ որ դու Արցախում էիր՝ թերևս ծպտված կամ էլ նկուղների խորքերում ծվարած, բայց և այնպես նրանք կարող էին դա անել՝ հայտնաբերել քեզ և նույն խնդրանքներով դիմել, որի արդյունքում էլ հիմա Բարդան, Կիրովաբադը, Միրբաշիրը, Ժդանովսկը և էլի շատ ու շատ տեղեր մերը կլինեին, իսկ դու էլ այնտեղ՝ գուցեև թագավոր․․․ Հիրավի, զավեշտալի է, իսկապես զավեշտալի է։ Այժմ մի երկու խոսք էլ այս թեկնածուի և նրա քաղաքական ուժի նույնականացման մասին ակնարկեմ։ Ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, և նրանք, ովքեր սատարում են այս տեսակ մարդուն, դա իրենց քաղաքացիական և բարոյական իրավունքն է։ Ոչ ոք իրավունք չունի մարդկանց կամքին բռնանալու կամ նրանց պարտադրելու, բայց մարդիկ պարտավոր են ճշմարտությունն իմանալ և միևնույն ժամանակ ճշմարտության հետ արդարությամբ հաշվի նստել։ Մասիս Մայիլյանը պայքարի մեջ է մտել իր մրցակիցների հետ, և նա այսօր, հաղթանակի հասնելու համար, կիրառում է տեղեկատվական դաշտի թույլատրելի բարոյական և ո՛չ թույլատրելի անբարոյական բոլոր հնարավոր միջոցներն ու մեթոդները, որը, ըստ իս, իր արտաքուս համեստ թվացող նիստ ու կացին անհարիր է։ Իրերն իրենց անունով անվանակոչելու փոխարեն կարծում եմ՝ չարժե ծառին խնձորի տեղ դնել, իսկ տանձին՝ փղի, թեև Մասիս Մայիլյանի պարագայում հանուն հաղթանակի նրան ամեն ինչ թույլատրելի է։ Ինչ վերաբերում է նրան սատարող քաղաքական ուժերին, ապա պարզ ու հստակ պետք է գիտակցել, որ քամու բերածը քամին էլ տանելու է։ Իսկ վերջում հավելեմ, որ Արցախը, անշուշ, իր էությամբ ու բովանդակությամբ, իր կարգավիճակով և դրվածքով նման չէ ոչ մի երկրի՝ ոչ Աբխազիային, ոչ Հր․ Օսիային, ոչ մահմեդական Ալբանիային և ոչ էլ Մերձդնեստրին։ Արցախն արևի ծագման երկիրն է, և այնտեղ մշտապես արարել են հայերը ու վերջ։ [b]Արցախյան պատերազմի վետերան, ազատամարտիկ Արթուր Կիրակոսյան [/b]

Նմանատիպ նյութեր