211652_close_icon
views-count1303 դիտում article-date 18:47 28-02-2020

2019թ. ընթացքում ՀՀ դատախազությունը հանդես է եկել քրեաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված 14 օրենսդրական նախաձեռնություններով

ՀՀ դատախազությունը, իր առջև դրված սահմանադրական գործառույթների իրացման համատեքստում կարևորում է իրավական մտքի զարգացմանը զուգընթաց, քրեադատավարական և դատաիրավական պրակտիկայում ի հայտ եկող գործնական խնդիրների լուծման նպատակով քրեական քաղաքականության արդիականացումը: Ելնելով դրանից՝ 2019թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան ուղեկցական գրություններով իրավասու պետական մարմիններ է ուղարկվել ոլորտը կարգավորող օրենսդրությունում, դրանից ածանցվող ենթաօրենսդրական ակտերում փոփոխությունների, լրացումների 14 նախաձեռնություն, որոնցից 1-ը ՀՀ Ազգային ժողովն արդեն իսկ ընդունել է: Համեմատության համար նշենք, որ 2018թ. իրականացվել էր նման 3 նախաձեռնություն: Հաշվի առնելով ասարակությանը, մասնագիտական հանրույթին դրանց վերաբերյալ իրազեկելու անհրաժեշտությունը՝ ընդհանուր գծերով ներկայացնում ենք դրանցից առավել կարևորների էությունն ու նպատակները: Այսպես՝ Բնակարանային գողության դեպքերի էական աճը կանխարգելելու և բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարը խստացնելու նկատառումներով, ի թիվս այլ միջոցառումների, ՀՀ արդարադատության նախարարություն ուղարկված՝ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, առաջարկվել է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ և 177-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ խստացնել բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված հափշտակությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերի սանկցիան: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի մեկ այլ նախագծով առաջարկվել է խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան, իսկ հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների առավել բարձր վտանգավորություն ունեցող տեսակների համար քրեական պատասխանատվություն նախատեսել որակյալ հանցակազմերով: Նշված նախաձեռնությունը պայմանավորված է վերջին տարիներին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի ակնհայտ աճով: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվել է սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով քննչական գործողություններ կատարելու իրավական կառուցակարգ: Առաջարկվում է նաև դատական քննության փուլում սահմանել բացառիկ դեպքերում տեսակապի միջոցով վկաներին և փորձագետներին հարցաքննելու հնարավորություն: Ընդ որում, վկաներին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորությունը նախատեսվում է այն բանից հետո, երբ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ քայլերը վկայի ներկայությունն ապահովելու համար: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այլ նախագծով նախատեսվում է քրեական հետապնդման մարմնին տալ մասնավոր հետապնդման ցանկացած գործ հարուցելու լիազորություն, բացի այդ, դիմողի բողոք չունենալը, կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ տուժողի հաշտությունը քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի համար չի հանդիսանա պարտադիր հիմք քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, եթե հանցանք կատարողը հանցագործությունը կատարելուն նախորդող երեք տարվա ընթացքում ոչ արդարացնող հիմքերով ազատվել է քրեական պատասխանատվությունից դիտավորությամբ կատարված հանցագործության համար կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտվել է: Օբյեկտիվ անհրաժեշտությունն առաջրել է քրեադատավարական օրենքում առկա, ըստ էության, այն բացը, որով անձը, նախկինում կատարած դիտավորյալ արարքների համար քրեական հետապնդման չենթարկվելով կամ քրեական պատժի չարժանանալով, պարբերաբար կարող է կատարել մասնավոր հետապնդման բնույթի դիտավորյալ արարքներ և ամեն անգամ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ դիմողի կողմից բողոք չունենալու կամ կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով: ՀՀ Սահմանադրական դատարանի 19.02.2019թ. ՍԴՈ-1446 որոշման մեջ առկա իրավական դիրքորոշումների լույսի ներքո մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 4-րդ մասում լրացում կատարելով նախատեսել, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշման հետ մեկտեղ բողոքարկման ենթակա է նաև միջնորդությունը մերժելու մասին որոշումը: Ներկայացված նախագիծն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Մշակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն ուղղված է հանցագործության կատարման վայրը պարզված չլինելու, անձի կողմից մի քանի տարածքներում հանցանք կատարելու, այդ թվում՝ շարունակվող հանցագործության տարբեր մասերը տարբեր տարածքներում կատարելու դեպքերում նախաքննության կատարման վայրը որոշելուն՝ դրանց նկատմամբ սահմանելով նախնական դատախազական հսկողություն: Առաջարկվել է ներդնել նաև ենթակայության վերաբերյալ վեճերի լուծման մեխանիզմ: ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցական գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել դատական փորձաքննությունների ոլորտը կարգավորող ՀՀ կառավարության որոշումներում փոփոխությունների առաջարկներ, որոնց նպատակն է թարմացնել և արդի պահանջներին համապատասխանեցնել դատական փորձաքննությունների տեսակները, ենթատեսակները, յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքը: ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվել «Դատախազության մասին» և «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու նախագծեր, որոնցով առաջարկվում է, ի թիվս այլնի, սահմանել, որ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կամ հսկող դատախազի միջնորդությունը քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պարտադիր հիմք է: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումների զգալի մասը ձևավորվել է դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից՝ ելնելով տեղերում արվող՝ իրավիճակի և քրեաիրավական պրակտիկայի օբեյկտիվ վերլուծություններից, ինչը վկայում է ոլորտի օրենսդրական դաշտի և իրավակիրառ պրակտիկայի բարելավման նախաձեռնություններում դատախազության՝ իբրև լիարժեք միասնական համակարգ լինելու իրողության մասին:

Նմանատիպ նյութեր