3448 դիտում
10:23 28-02-2020
Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելից. ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. 1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված ջարդերի հետեւանքով զոհվեց ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով հազարից ավելի հայ:
Նրանց մեծ մասը սպանվելուց առաջ ենթարկվել էր խոշտանգումների ու կտտանքների, ողջակիզման: Եռօրյա մղձավանջից հետո առկա էին հազարավոր վիրավորներ, հարյուրավոր բռնաբարվածներ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, 18 հազար փախստական, մի քանի հարյուր ավերված ու թալանված բնակարան, տասնյակ կողոպտված կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության կենտրոններ, մի քանի տասնյակ հրկիզված ու ջարդված ավտոմեքենաներ։
Ադրբեջանը կազմակերպել էր սումգայիթյան ջարդերը՝ կանխելու համար Արցախյան շարժման ծավալումը՝ առավել արյունահեղ գործողությունների հեռանկարով ահաբեկելու հայերին: Մեծ թվով ադրբեջանցիների՝ իրենց տասնյակ տարիների հարևանների վրա ձեռք բարձրացնելը կազմակերպվել էր ստահոդ լուրերի տարածման, ատելություն բորբոքելու, վրեժխնդրությամբ համակելու միջոցով: Տարածվել էին լուրեր, թե իբր Հայաստանում զանգվածաբար սպանում են ադրբեջանցիներին, թալանում նրանց ունեցվածքը:
ԽՍՀՄ ղեկավարության մակարդակով ևս նախազգուշական նոտա էր հնչեցվել. փետրվարի 26-ին Միխայիլ Գորբաչովը, հայ մտավորականների հետ խոսելով արցախահայության՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայաստանի ԽՍՀ-ին վերամիավորելու մասին, հիշեցրել էր, որ Բաքվում 200 հազար հայ է ապրում և «մտահոգություն էր հայտնել» նրանց անվտանգության մասին:
Ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը վկայում է, որ այս զարհուրելի ոճիրը ծրագրված է եղել նախօրոք: Ադրբեջանցիները նախապատրաստվել էին ամեն առումով. ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողեր և այլ գործիքներ էին ձուլվել, թմրանյութեր և ոգելից խմիչք էր բաժանվել խղճի ձայնը մեկընդմիշտ լռեցնելու համար, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայությունները, հայերի գտնվելու վայրերը բացահայտելու համար գործի է դրվել պայմանական և ազդանշանային համակարգ։
Նշենք նաև, որ ջարդերի երրորդ օրը խորհրդային զորք է մտցվել Սումգայիթ, որը, սակայն, զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Ջարդը շարունակվել է:
Առավել քան 30 տարի Ադրբեջանը հետևողականորեն հերքել է այս ամենը՝ փաստաթղթերը, փախստականների վկայությունները, կայքերում ամբարված ապացույցներն անտեսելով՝ այս բոլոր տարիներին տարել է քարոզչական պայքար, և արդեն ոչ միայն հերքում է պետականորեն կազմակերպված հայերի սպանդը, այլև՝ հայերին է մեղադրում բռնությունների մեջ:
Այս տարի ոչ միայն ադրբեջանական, այլև՝ ռուսական լրատվամիջոցներում տարածում գտավ ադրբեջանական քարոզչության՝ ճշմարտությունից շատ հեռու գիծը: «Նեզավիսիմայա գազետա» թերթում տպագրվեց ադրբեջանցի լրագրող Լև Ասկերովի «Սումգայիթյան ողբերգություն. ինչի՞ց է սկսվել և ինչպե՞ս է եղել» վերնագրով հոդվածը: Այստեղ ասվում է, թե КГБ-ի արխիվների ծառայողական փաստաթղթերից իրենց հայտնի է դարձել, որ դեռ 1950-1960-ական թվականներից հայերը Խորհրդային Միության տարածքում Հայ առաքելական եկեղեցու օգնությամբ գաղտնի կազմակերպություններ են ստեղծել ընդդեմ ադրբեջանցիների: Ներկայացվում է, թե սումգայիթյան ջարդերի նախօրեին Հայաստանից Բաքու մեկնած գնացքում Հայաստանում սպանված 52 ադրբեջանցու դի է եղել (մի քանի օր անց այդ 52-ը դարձել է 100-ավոր), և որ հայերն են կազմակերպել և իրականացրել են Սումգայիթի բռնությունները։
ՀՀ ԱԳՆ-ից այս քարոզչական հարվածին պատասխան ստանալ չհաջողվեց. անարձագանք մնացին մեր թե հեռախոսազանգերը, թե հարցումը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
937 դիտում
23:44 28-10-2022
Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Մարուքյան
3756 դիտում
16:20 01-03-2017
Ռումինիայում տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցին նվիրված միջոցառում
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան