211652_close_icon
views-count118455 դիտում article-date 14:53 27-02-2020

ԵՏՄ-ում Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց հավանություն տալ «Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրման առաջարկությանը: Հարցը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ սրանով փոփոխություն են կատարում միանալու պայմանագրին, որը ենթադրում էր 2015-ից մինչև 2020 թվականը 900 անուն ապրանքների գծով մաքսային արտոնությանը: 2019-ի դեկտեմբերին վարչապետը պայմանավորվածություն ձեռք բերեց ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ այդ արտոնությունը զգալի չափով ապրանքների գծով երկարացնելու մեկ տարով՝ մինչև 2020 թվականի վերջը»,- ասաց նա: Արդյունքում, ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։ Մաքսատուրքի բարձրաձումը կհետաձգվի թվով 647 անուն ապրանքների համար: «Առնվազն 30 մլն դոլարի հավելյալ ռեսուրս է գոյանում, այսինքն այդքան պակաս մաքսատուրք կվճարեն: Այդ ապրանքներից են միս, կարագ, թանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված իրեր, քարեր, դեղորայք, դեղորայք և այլն»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կարող են հետին թվով այս փոփոխությունը ուժի մեջ դնել 2020-ի հունվարի 1-ից, սակայն դրա հետ կապված կարիք կա քննարկումների: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նկատեց, որ սա առնվազն 30 մլն դոլարի խնայողություն է Հայաստանի քաղաքացիների համար. «Բայց արձանագրենք, որ այս փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում: Նախկինում 900 ապրանք էր, հիմա 647 անուն»: Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ բացի ավտոմեքենաներից, մնացած գրեթե բոլոր ապրանքների վրա այս հետաձգումը տարածվում է:

Նմանատիպ նյութեր