211652_close_icon
views-count13803 դիտում article-date 13:36 27-02-2020

Դատախազությունում անցյալ տարի ստացվել է 11 862 դիմում-բողոք, հարուցվել 55 քրեական գործ. armenpress.am

Դատախազությունում 2019 թվականին քաղաքացիների ընդունելության թիվը նախորդ տարվա համեմատ աճել 229-ով: Քաղաքացիներից ստացված 11 862 դիմում-բողոքներից 889-ը բավարարվել է, հարուցվել է 55 քրեական գործ, 3966 դիմումատուի տրվել է պարզաբանում։ Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/1006486.html?fbclid=IwAR24SEn827BbMHHBD9XJuGX7M0IxBCnrBFvWBVqdZQFhzCz-yePxa9QJ6VQ]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, որ 2018-ին 11 198 դիմում-բողոքներից 695-ը բավարարվել են, իսկ հարուցվել է 84 քրեական գործ: «2019-ին ՀՀ դատախազությանը քաղաքացիների կողմից հասցեագրված դիմումների, այնպես էլ քաղաքացիների համար դատախազների կողմից կազմակերպվող ընդունելությունների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է: Դատախազների կողմից կազմակերպվել է քաղաքացիների 2 992 ընդունելություն: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին կազմակերպված ընդունելությունների քանակը եղել է 2 763»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդականը: Գլխավոր դատախազության վարչությունների պետերի, նրանց տեղակալների, դատախազների մոտ կազմակերպվել է 378 ընդունելություն, իսկ ՀՀ դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում՝ 112 ընդունելություն: «Մյուս մասը կազմակերպվել է Զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների դատախազությունների, ինչպես նաև մարզերի, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններում: Մարզերի դատախազություններում կազմակերպվել է 1 252 ընդունելություն, Երևան քաղաքի վարչական շրջաններում` 650»,-ընդգծեց Բաղդասարյանը: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը ներկայացրեց մի քանի օրինակ, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցվել կամ արդեն իսկ հարուցված քրգործերը այլ ընթացք են ստացել: «2019թ. փետրվարին քաղաքացին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով, կասկած է հայտնել, որ ամուսինը մահացել է բուժհաստատություններից մեկում ոչ ճիշտ ախտորոշման և բուժման հետևանքով: Դրա հետքերով դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել են դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը և դրա հիման վրա հետաքննության մարմնի կողմից կայացված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը: Արդյունքում, նաև հիմք ընդունելով նշված անձի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է հետաքննիչի նշված որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ, որով սկսվել է նախաքննություն: Մեկ այլ դեպքում քաղաքացին, որը 2019 թվականի օգոստոսին հարուցված՝ ավտոմեքենայի առքուվաճառքին առնչվող խարդախության վերաբերյալ մի քրեական գործով որպես տուժող էր անցնում, դիմումով բողոք է ներկայացրել, թե նախաքննական մարմինը կայացրել է քրեական գործի վարույթը կարճելու որոշում, ինչից ինքը տեղյակ չի եղել, և հայտնել էր քննության համար հետաքրքրություն ներկայացնող որոշակի տեղեկություններ: Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը վերացրել է այդ գործով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու որոշումը, ինչի հիման վրա նախաքննությունը շարունակվել է»,- եզրափակեց Բաղդասարյանը: Դատախազությունում քաղաքացիների ընդունելությունը, որպես կանոն, իրականացվում է քաղաքացու ընդունելության վերաբերյալ դիմումի հիման վրա: Ընդունելությունն իրականացնում է դատախազը կամ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմի այն պաշտոնատար անձը, որին ուղղված է դիմումը: Դիմումատուի կամ հրավիրված անձի ցանկությամբ ընդունելությանը կարող է մասնակցել նրա փաստաբանը կամ օրինական ներկայացուցիչը: Ընդունելությունն իրականացնող դատախազի կամ պաշտոնատար անձի բացակայության դեպքում ընդունելությունը տեղափոխվում է այլ աշխատանքային օր` ինչի մասին նախապես ծանուցվում է ընդունելության հերթագրված դիմումատուն կամ հրավիրված անձը: Դատախազը կամ պաշտոնատար անձը կարող է չիրականացնել այն դիմումատուի ընդունելությունը, ում բազմիցս գրավոր կամ բանավոր (առնվազն մեկ անգամ ընդունելությունների ժամանակ) տրվել են պարզաբանումներ: Այս դեպքում դիմումատուին տրվում է պատճառաբանված գրավոր պատասխան: Դիմումատուի բարձրացրած հարցի հրատապությունից ելնելով՝ նրա ընդունելությունը կարող է կազմակերպվել անհապաղ, առանց համապատասխան դիմումի և հերթագրման՝ սույն կարգով նախատեսված դեպքերում նաև նախապես համաձայնեցնելով ընդունելությունն իրականացնող դատախազի կամ պաշտոնատար անձի հետ:

Նմանատիպ նյութեր