211652_close_icon
views-count2844 դիտում article-date 22:36 24-02-2020

Հետաքրքիր փաստեր Նիդերլանդներից. դպրոցի տնօրենների և ուսուցիչների զվարճալի կերպարանափոխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://shamshyan.com/hy/article/2020/02/16/1147547/]Մաս 3 [/url] Նիդերլանդներում մարդկանց շարժուձևից և հագուկապից շատ դժվար է հասկանալ, թե նրանք «լուրջ», թե «անլուրջ» պաշտոն են զբաղեցնում. մարդիկ հասարակ են, նույնիսկ տգեղ է համարվում պաշտոնովդ «վեր-վեր թռնելը»։ Դպրոցի տնօրենները բացառություն չեն. նրանք չափազանց հասարակ վարքագիծ ու աշխատելաոճ ունեն: Նրանց աշխատասենյակները հիմնականում ամբողջովին պատուհանապատ են կամ ունեն պատուհանապատ դռներ՝ այդպիսով ապահովելով աշխատանքային գործընթացի թափանցիկությունը։ Ի տարբերություն հայկական դպրոցների, այստեղ չկան տնօրենների նախասրահներ՝ ավանդական քարտուղարուհիներով համալրված. ցանկացած մեկը կարող է թակել տնօրենի դուռն ու ներս մտնել: Նիդերլանդների Ալսմեյր քաղաքի 《Բեհեր դե Միկադո》(Stichting Beheer De Mikado) դպրոցի տնօրեն Ռայան Բակկերն ինձ ընդունեց համպատրաստից՝ առանց նախնական պայմանավորվածության, և սիրով համաձայնեց զրուցել՝ հարցազրույցի շրրջանակներում: Բանն այն է, որ Նիդերլանդներում այս օրերին անց են կացվում մասշտաբային դիմակահանդեսներ, իսկ կան քաղաքներ, որտեղ փետրվարի 24-ն այս տարի աշխատանքային չէ (մարդկանց հնարավորություն է տրվում ուրախանալ): Դպրոցներում այս օրերին նույնպես անց են կացվում դիմակահանդեսներ, և ինձ ապշեցրել էր աշակերտների ու ուսուցիչների կազմակերպվածությունն ու տրամադրությունը. բոլորը կերպարանափոխված էին եկել դպրոց, իսկ ուսուցիչները մեծ խանդավառությամբ կատարում էին իրենց դերերը՝ չվախենալով ծիծաղելի թվալուց։ Սակայն ոչ միայն ուսուցչական անձնակազմն էր ներկայացել նման կերպարներով։ Հետևելով հոլանդացիների ուղիղ և պարզ խոսելու սովորությանը' ներողություն խնդրեցի և խոստովանեցի վերոնշյալ դպրոցի տնօրենին, որ շատ ծիծաղելի տեսք ունի ու որ երբեք չէի կարող պատկերացնել՝ տնօրենը կարող է նման հագուստով դպրոց մտնել: Նա ասաց, որ սիրով է կերպարանափոխվում. 《Ունեմ չորս տարբեր հագուստներ. ամեն տարի կերպարներս փոխվում են: Սա ուրախ ու կարևոր տոն է մեզ համար: Ուսուցիչներն ու երեխաների ծնողներըն օգնում են աշակերտներին այս օրը դարձնել անմոռանալի և ուսուցողական》: Տնօրենի հավաստմամբ՝ չափազանց կարևոր է, որ միջնակարգ կրթության շրջանակներում երեխաները ոչ միայն ստանան գիտելիքներ տարբեր դպրոցական պարտադիր առարկաներից, այլ ունենան հնարավորություն դրսևորել իրենց՝ տարբեր իրավիճակներում և տարբեր տեսանկյուններից։ Օրինակ, առաջին հայացքից խաղ և ուրախություն հիշեցնող այս դիմակահանդեսային տոնը դպրոցում կազմակերպվում է, իրականում, ուսուցողական նպատակներով։ Տնօրենի հավաստմամբ, նրանք տալիս են հնարավորություն երեխաներին ինքնուրույն որոշումներ կայացնել, թիմային աշխատանքների մեջ ներգարավված լինել՝ կազմակերպելով միջոցառման ընթացքում խաղեր, մրցույթներ։ Նրանք տալիս են աշակերտներին հնարավորություն փորձարկել սեփական կազմակերպչական, առաջնորդին հատուկ ունակություններն ու հմտությունները, զգալ իրենց ինքնուրույն և անկախ՝ զարգացնելով պատասխանատվության զգացում։ Իրականում, նրանց ամեն մի քայլը ուսուցիչների կողմից վերահսկվում է, միշտ նրանց ուշադրության կենտրոնում է, սակայն մանկավարժներն այնքան պրոֆեսիոնալ են, որ աշակերտներին թվում է, թե ողջ միջոցառումը հենց իրենք են կազմակերպել ու միմիայն իրենք են պատասխանատու դրա հաջող ընթացքի համար։ Ծնողներից ոմանք նույնպես ներգրավվում են դպրոցի դիմակահանդեսային այս տոնին, օգնում բլիթներ թխել, միջանցնքներում կանգնած թեյ կամ հյութեր են լցնում բաժակները և այլն։ Այսպիսով, պատահական չէ, որ Նիդերլանդներում բնակվող երեխաները ճանաչվել են ամենաերջանիկ երեխաները աշխարհում։ Նրանք մեծագույն հաճույքով են դպրոցներ հաճախում. չէ՞ որ դպրոցը մի վայր է, որտեղ ամենուրախն է, ամենահետաքրքիրն ու հաճելին, որտեղ աշակերտին միշտ հասկանում են, հարգում իր հետաքրքրություններն ու կարողությունները, չեն վախեցնում ցածր գնահատականներով կամ ստուգողական աշխատանքներով։ Այստեղ ուսուցիչները բոլոր աշակերտներից անխտիր չեն փորձում գիտնականներ մեծացնել (քանի որ նրանք ունեն տարբեր ունակություններ), այլ միշտ ուղորդում և օգնում են նրանց։ Նիդերլանդների Թագավորությունում դրպրոցը մի վայր է, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում երեխաների էմոցիոնալ զարգացմանը. մանկավարժները աշակերտին չեն վիրավորում իր դասընկերոջ ներկայությամբ կամ բարձրաձայնում իր թույլ կողմերի մասին։ Այս հաստատությունում ամեն աշակերտ յուրօրինակ է, իսկ ծագած խնդիրները լուծվում են ոչ թե ծնողական ժողովներին' բարձրաձայն ու բոլորի աչքի առաջ (էստեղ, առհասարակ, չկան նման ընդհանուր ժողովներ ծնողների հետ), այլ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ զրուցելով ամեն մի երեխայի ծնողի/ծնողների հետ առանձին-առանձին։ Ի վերջո, Նիդերլանդներում դպրոցը մի հաստատություն է, որտեղ կա ոչ միայն գիտելիք, այլ զվարճանք, ուր աշակերտն ուզում է վերադառնալ՝ հաշվելով արձակուրդի ավարտին մնացած ամեն մի օրը։ Շարունակելի... [b]ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր