211652_close_icon
views-count2803 դիտում article-date 23:29 24-02-2020

Կհիմնանորոգվեն կրթամշակութային և առողջապահական մի շարք հաստատություններ, կբարեկարգվեն ճանապարհներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տարի մայրաքաղաքում շինարարության և բարեկարգման աշխատանքները կընդգրկեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ՝ մշակույթ, առողջապահություն, կրթություն, ճանապարհների բարեկարգում և այլն: Տարվա ընթացքում կհիմնանորոգվի մշակութային երեք կարևոր օջախ: Միանգամայն նոր պայմաններում կաշխատեն Պատանի հանդիսատեսի թատրոնը, Մանկապատանեկան ստեղծագործական քաղաքային կենտրոնը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը: Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահում շուրջ 30 կտավ կա, միևնույնժամանակ սրահը զուրկ է օդի խոնավության, լուսավորության ու ջերմաստիճանի անհրաժեշտ պայմաններից: «Խնդիրը շատ հրատապ է, որովհետև կտավները վնասվել են: Ներկաշերտերը ուռել են, ճաքճքել, ափսոս են այս նկարները: Ցուցասրահը կսկսի աշխատել, վերածնունդ կունենա, կանենք շատ ցուցահանդեսներ»,- ասում է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի վարիչ Իրինա Իսաբեկյանը: Շինարարական աշխույժ եռուզեռ կլինի նաև համայնքային մանկապարտեզներում: Փոքրիկներին ավելի լավ կրթելու և դաստիարակելու համար կարևոր են նաև միջավայրի պայմանները: «Ասիական զարգացման բանկի ծրագրով ունենք բավականին շատ ծավալներ՝ մոտ 30 մանկապարտեզի, մեր ծրագրերով էլ 9 մանկապարտեզի մրցույթների նախագծերը պատրաստ են, տեղադրել ենք արդեն, որ շինարարություն իրականացվի»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Երևանում նախորդ տարվա 5000 քմ-ի փոխարեն այս տարի կրկնակի շատ՝ 10.000 քմ հողային պաստառով ճանապարհ կբարեկարգվի: Ծավալի առումով զգալի աշխատանքներ կտարվեն նաև այգիների, նոր մայթեր կառուցելու ու բարեկարգելու, եզրաքարեր փոխելու, հենապատեր կառուցելու և ոռոգման նոր ցանց անցկացնելու համար: 2020-ին կբարեկարգվի նաև հետիոտնային ստորգետնյա 4 անցում: «Նախորդ տարի ստորգետնյա 4 անցում բարեկարգեցինք: Այս տարի 300 մլն.-ի բյուջե ենք հաստատել և նախագծերն արդեն պատվիրել ենք: Խոսքը Գրիգոր Լուսավորչի փողոցի, փակ շուկայի մոտի, Ազատության պողոտայի («Լամբադա» կամուրջ) և Թամանցիների փողոցի գետնանցումների մասին է»,- նշում է Գրիգոր Հարությունյանը: Առողջապահության առաջնային օղակը ևս ուշադրության կենտրոնում է: Պոլիկլինիկաները բուժսարքավորումներով վերազինման ծրագրին զուգահեռ՝ բուժկենտրոններում հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն: Այս տարի ծրագրում համայնքային 5 պոլիկլինիկա է ընդգրկված: Շուրջ 8000 քմ տարածք ունեցող թիվ 12 պոլիկլինիկան կվերանորոգվի փուլ առ փուլ: Այս տարի կլուծվի սանհանգույցների ու շենքի ողջ էներգամատակարարման խնդիրը, կփոխարինվեն կաբինետների դռները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր