211652_close_icon
views-count2430 դիտում article-date 20:10 24-02-2020

Գարնանային ջազ երեկո՝ Երևանում, Դիլիջանում և Էջմիածնում

Մարտի 14-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում, ապա Դիլիջանում և Էջմիածին քաղաքում [url=https://www.facebook.com/events/s/spring-jazz-evening/598490364266980/]«Գարի Քյոսայան» [/url] ջազային քառյակը համերգային նոր ծրագրով կներկայանա ջազ սիրող հայ հանդիսականին: Քսան տարի ԱՄՆ-ում ստեղծագործող ջազ կոմպոզիտոր Գարի Քյոսայանը վաղուց արդեն հայրենիքում է ապրում և ստեղծագործում, իսկ նախկին կապերն ու հանրաճանաչությունը նրան հնարավորություն են ընձեռում աշխարհահռչակ ջազային արտիստների հրավիրել Հայաստան՝ համերգների: Այս տարիների ընթացքում երեք տասնյակ ջազի արտիստներ են մասնակցել նրա հայաստանյան համերգներին: Այս համերգը ևս բացառություն չէ, և Գարնանային ջազ երեկոներ խորագրով համերգի հատուկ հյուրն ամերիկացի հայտնի երաժիշտ, կիթառահար Դարիլ Դարդենն է։ Նա հանդես է եկել աշխարհահռչակ աստղերի հետ՝ BB King, Stevie Wonder, Albert King, Bobby McFerrin։ Ինչպես նախորդ տարիներին, համերգին կմասնակցեն նաև հանրածանոթ հայ արտիստներ. երգչուհիներ Սոնա Ումրոյանն ու Ալլա Սահակյանը, մանկական Եվրատեսիլին մասնակցած Կարինե Իգնատյանը, ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը: Առաջիկա համերգին պատրաստվող, ստեղծագործական ու կազմակերպական հարցերով բազմազբաղ Գարի Քյոսայանը պատրաստակամորեն պարզաբանեց հայ ունկնդրին հետաքրքրող մի քանի հարցեր: Անվանի կոմպոզիտորի ու ջազմենի տեսակետով՝ այսօրվա հանդիսատեսը բավականին պահանջկոտ է և գնահատում է արտիստի անկեղծությունը: Ունկնդիրը՝ ունի ջազի ճշմարիտ զգացողություն , հոգևոր աուրա և հոգևոր կոմֆորտի կարիք: Իսկ ինչ է լավ ջազը, ջազային երաժշտությունն ընդհանրապես: Այս հարցին Գարի Քյոսայանը տասնամյակների սեփական փորձով ամրագրված պատսսխան ունի. «Ինչպես մտքի թռիչքից ծնված Նարեկացու հանճարեղ Մատյանում , երբ գլխավոր թեման մեկն է, բայց խոսքերը, մտքերը, գույները, պատկերները, մետաֆորները շատ են, և սա նման է ջազային իմպրովիզացիային: Գլխավոր թեման կա ու կա ազատություն: Ազատություն ֆորմայի մեջ, ազատություն չափի մեջ: Ջազը հոգուց ծնված, հոգևոր երաժշտություն է: Ջազն ինքնին իմպրովիզացիա է, որը հիմնված է գխավոր թեմայի վրա: 60-ականները ջազի համաշխարհային նվաճման դարաշրջանն էր. բոլոր ֆիլմերը ջազային էին, աշխարհում ջազի տակ էին պարում: Սկզբնապես ջազն ակումբային արվեստ էր, ապա դուրս եկավ մեծ բեմ՝ Էլյա Ֆիցջերալդ, Օսկար Պիտերսոն, Դյուկ Էլինգտոն, Լուի Արմսթրոնգ: Գարի Քյոսայանի հիշեցումով, առաջին հերթին պրեզիդենտ Ջոն Քենեդու շնորհիվ, երբ առաջին անգամ Սպիտակ տանը սև երիտասարդները համերգ տվեցին: Իսկ ինչպիսին էր մթնոլորտը նույն 60-ականների Հայաստանում, երբ 13 տարեկանում Գարի Քյոսայանը գրեց իր առաջին ջազ ստեղծագործությունը՝ «Բարի գալուստ, Հայաստան»: «Այս ստեղծագործությունն, ի դեպ, հնչեցրել եմ իմ վերջին համերգներից մեկի ժամանակ: Իսկ Երևանն այդ շրջանում արվեստի խառնարան էր, արվեստի դարաշրջան էր, ազատություն, ինչ ասեք: Ես ջազ էի նվագում, դրան զուգահեռ տարածված լոզունգ կար՝« Այսօր ջազ կլսես, վաղը հայրենիքդ կդավաճանես»: Ֆինանսապես ձեռնտու չէր, փող գոյություն չուներ:Ակումբներում էին նվագում, ռեստորաններում էին փորձում նվագել, բայց այնտեղ հարգի էր այլ կարգի երաժշտություն: Կոնսերվատորիայում ֆիսհարմոն կար, որի վրա ջազ էի նվագում, գիշերներն էինք հավաքվում: Երևանի ջազ փառատոնում ես այդ ֆիսհարմոնով ելույթ ունեցա: Բացարձակ ազատ էի, ոնց որ հիմա եմ ազատ: Ու երբ 20 տարվա փորձով հայտնվեցի ԱՄՆ-ում, 97 թվականին իմ առաջին՝ « Քեզ համար» սկավառակը .դուրս եկավ, և ես համարվեցի տարվա լավագույն ջազ երաժիշտ: Լոս Անջելես Թայմսը գրեց, որ ՙԳարի Քյոսայանի երաժշտությունը նոր քայլ է ջազի աշխարհում և լի է հոգևորով, որի շնորհիվ ունկնդիրը հասնում է հոգևոր ներդաշնակության: 2003-ին վերադարձա հայրենիք, տարեկան 1-2 համերգ ենք կազմակերպում, որոնց հրավիրում եմ ջազի աշխարհահռչակ արտիստների: Մարտի 14-ի համերգին մասնակցելու է հանրաճանաչ կիթառահար և երաժիշտ Դարիլ Դարդենը Միասին ներկայացնելու այն ջազ արվեստը, որն դասական ջազ է, մեղեդային: Համերգը առիթ ու հարթակ է՝ հնչեցնելու և ունկնդրելու նոր գրված, ժամանակակցի կողմից ստեղծված երաժշտություն, շատ լավ համերգ՝ այսօրվա ռիթմի մեջ:»,- ներկայացնում է կատարողական ջազի վարպետ Գարի Քյոսայանը: Կոմպոզիտոր Գարի Քյոսայանը, ինչպես ասում են, փակագծեր է բացում. առաջիկա երեք համերգներին կհնչի նրա հեղինակած 4 նոր ստեղծագործություն. Այդ թվում՝ «Կիրակնօրյա բլյուզ», «Քրիստիի համար» և այլն։ «Գարնանային ջազ երեկոներ» համերգաշարով Գարի Քյոսայան ջազ քառյակը երևանյան բեմից հետո ելույթներ կունենա Դիլիջանում և Էջմիածնում, ինչն էլ կնպաստի մարզերում երաժշտական կյանքի ակտիվացմանը, մշակույթի՝ այնքան սպասված ապակենտրոնացմանը:

Նմանատիպ նյութեր