211652_close_icon
views-count1542 դիտում article-date 16:12 24-02-2020

Հայաստանի հեռուստադիտողի ինչի՞ն է պետք ռուսական քարոզչությունը. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Հայաստանի հեռուստադիտողի ինչի՞ն է պետք ռուսական քարոզչությունը» վերնագրով մեդիափորձագետ Աշոտ Մելիքյանի հոդվածը՝ հիմնված ԽԱՊԿ մոնիտորինգի արդյունքների վրա։ Ստորեւ ներկայացնում ենք այն. «Հայաստանի հանրային մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ու ՌԴ դեսպանության միջեւ հեռակա բանավեճի ֆոնին հատկապես կարեւոր են դառնում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մեդիա մոնիտորինգի արդյունքները՝ միտված եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները բացահայտելուն: Չխորանալով քանակական ցուցանիշների մանրամասների մեջ՝ նշենք միայն, որ Հայաստանում հեռարձակվողներից ամենից շատ հակաեվրոպական բովանդակություն է արձանագրվել ռուսական «РТР-Планета» ալիքի լրատվական եւ հասարակական-քաղաքական ծրագրերում: Այստեղ այդ «բարիքը» նշանակալիորեն ավելի շատ է, քան հայկական բոլոր հեռուստաընկերություններում միասին վերցրած: Սակայն գլխավորը նույնիսկ քանակը չէ, այլ բուն բովանդակությունը, որում մանիպուլյացիաները, թշնամանքն ու ատելությունն այն աստիճանի են, որ ակամա հարց է առաջանում՝ իսկ այս ամենը Հայաստանի հեռուստադիտողի, ընդհանրապես ցանկացած դիտողի ինչի՞ն է պետք: Օրինակ, «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» թոք-շոուի ընթացքում մարդիկ հասնում են նրան, որ ֆաշիզմը ներկայացնում են իբրեւ եվրոպական մշակույթի մաս: Իսկ վարողն էլ ոչ միայն չի փորձում նրանց պատշաճության կոչել, այլեւ ինքն է նույն թեմայով մանիպուլյացիայի դիմում: Այսպես, խոսելով ֆաշիզմի եւ զանգվածային սպանությունների մասին, Սոլովյովը մեղքը բարդում է ողջ Եվրոպայի վրա. «... Դա թույլ տվեց քաղաքակիրթ Եվրոպան, որը ուրախությամբ սպանությունների ուղարկեց իր քաղաքացիներին... Եվրոպան դրա համար զղջացե՞լ է: Ո՛չ» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2020 թ. փետրվարի 12-ի թողարկում): Նույն հաղորդման ժամանակ Սոլովյովի բարձրաձայն մտորումներն ավարտվում են խտրականության ակնհայտ դրսեւորմամբ. « ... Ապստամբության ընդունակ էին միայն Խորհրդային Միության մարդիկ եւ հրեաները, Արեւմուտքի մարդիկ կոտրվեցին... նրանք անմիջապես հանձնվեցին: Իսկ խորհրդային մարդիկ եւ հրեաները ընդունակ էին դիմադրության»: Իհարկե, միամտություն կլինի ենթադրել, թե Սոլովյովը չգիտի ֆրանսիական դիմադրության, գերմանական հակաֆաշիստական շարժումների, մյուս ժողովուրդների պարտիզանական պայքարի մասին: Բայց դրանք հիշելը նրան պետք չէ, նրա խնդիրը Եվրոպան եւ եվրոպացիներին սեւացնելն է, նրանց վարկաբեկելը: Ընդհանրապես, ֆաշիզմը Սոլովյովի սիրած թեման է: Եվ այս առումով, այլ փորձագետների թվում, նրա ֆավորիտը Իսրայելից հասարակական գործիչ Յակով Կեդմին է, որը պնդում է. «Մայն կամպֆ», ահա սա է եվրոպական արժեքը: Նացիզմը եվրոպական արժեքների բուն էությունն է, որը Եվրոպան իր պատմության ընթացքում արմատավորել է ամբողջ աշխարհում» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2019 թ. նոյեմբերի 20-ի թողարկում): Չգիտեմ՝ հեռուստադիտողն ինչ մտածեց, բայց այս մանիպուլյացիան Սոլովյովին, կարծես, այնքան դուր եկավ, որ նա մեկ շաբաթ անց դարձյալ Կեդմիին հրավիրեց ստուդիա, եւ այս անգամ էլ իսրայելցի գործիչը հայտարարեց. «Ես կրկնում եմ եւ կկրկնեմ. նացիզմը ժողովուրդների անհավասարության վրա հիմնված եվրոպական քաղաքակրթության ծնունդ է» («РТР-Планета», «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ», 2019 թ. նոյեմբերի 26-ի թողարկում): Կարելի է բերել ուրիշ թեմաներով եւս բազմաթիվ նման օրինակներ, որ Սոլովյովն ու «РТР-Планета»-ի այլ ծրագրերի նրա գործընկերները մատուցում են հեռուստադիտողին: Սակայն, հավանաբար, սա էլ բավական է պատկերացնելու համար, թե ինչպես են ռուսական քարոզչության առաջամարտիկները կիսաճշմարտություններ եւ բացահայտ սուտ, ատելության խոսք եւ զանազան մանիպուլյացիաներ տարածում: Եթե այդ ամենը նախատեսված լիներ բացառապես ռուսական լսարանի համար, ապա դա մեզ համար օրախնդիր չէր լինի: Սակայն «РТР-Планета»-ն հեռարձակվում է Հայաստանում միակ հանրային մուլտիպլեքսով եւ հասանելի է ողջ երկրի հեռուստադիտողներին, ընդ որում՝ բացարձակապես անվճար: Ընդսմին, ռուսական հեռուստաընկերությունների վրա չեն տարածվում ոչ տեղական օրենքները, ոչ էլ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կարգավորիչ գործառույթները. «РТР-Планета»-ն մեզ մոտ հեռարձակվում է միջպետական պայմանագրի հիման վրա: Հասկանալի է, որ Ռուսաստանը Արեւմուտքի հետ դիմակայությունում իր քարոզչական խնդիրները լուծում է, ցավոք, ոչ միայն երկրի ներսում: Սակայն նորից հարցնենք. ինչո՞ւ պետք է հայ հեռուստադիտողը ենթարկվի ռուսական հեռարձակողների «մշակմանը» եւ դառնա տարբեր անվանարկումների զոհը: Չէ՞ որ նույն միջպետական պայմանագիրը, անշուշտ, չի ենթադրում, որ «РТР-Планета»-ն իր լրատվական եւ հասարակական-քաղաքական ծրագրերով պետք է հայկական լսարանին ապատեղեկացնի, մոլորեցնի, նրա մոտ իրադարձությունների, երեւույթների, երկրների եւ ժողովուրդների մասին խեղաթյուրված կարծիք ձեւավորի: Կարող են առարկել՝ ասելով. թող չնայեն եթե դուր չի գալիս: Սակայն հայտնի բան է՝ քարոզչությունը նման է աներես ճանճի. քշում ես, մեկ է՝ շարունակում է տզզալ ականջիդ տակ: Եվ այս պատճառով պետք է փնտրել լուրջ որոշումներ, հնարավոր է՝ անգամ միջպետական մակարդակում:

Նմանատիպ նյութեր