211652_close_icon
views-count3267 դիտում article-date 10:25 22-02-2020

Դիրքորոշումների փոփոխության «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կողմից դիրքորոշման շրջադարձային փոփոխություններից մեկն էլ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, հասկացություն, որի ներքո քաղաքական ուժերը և հանրությունը հասկանում են մի երևույթ, երբ պետական կառավարման բոլոր հիմնական լծակները գերկենտրոնացած են մի անձի ձեռքերում, տվյալ դեպքում՝ վարչապետի։ Շատ հետաքրքրական է, որ Փաշինյանն այս հարցին անդրադարձել է հենց 2018 թվականի մայիսի 1-ին, երբ ԱԺ-ում առաջին անգամ վարչապետի թեկնածու էր, սակայն այդ անգամ չընտրվեց, և մի քանի օր հետո ևս առաջադրվեց և ընտրվեց։ Այսպես՝ պատգամավորներից մեկի հարցին, որը վերաբերում էր սուպերվարչապետական համակարգի գոյությանը, Փաշինյանը նշել է, որ չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և հակառակը՝ ամոթի աստիճան վերցված են լիազորություններն այլ պետական ինստիտուտներից: «Մասնավորապես, կարծում եմ, որ այն պարագան, որ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության հեղինակությանը»,- հայտարարում էր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա: Փաշինյանի այս հայտարարության ֆոնին ուշագրավ է դառնում նրա պահվածքը պաշտոնավարման ողջ շրջանում։ Փաշինյանը ոչ միայն որևէ փորձ չի կատարել վարչապետի ձեռքում կուտակված ահռելի լիազորությունները ապակենտրոնացնելու ուղղությամբ, այլև ընդհակառակը, ավելի միակենտրոն է դարձրել պետական կառավարումը՝ ամեն ինչ անելով բացարձակ անձնիշխանություն հաստատելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է. «Ժողովրդավարության, լեգիտիմ իշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի պայմաններում սուպերվարչապետական համակարգ չի կարող լինել, որովհետև զուտ օրինական լիազորություններով հնարավոր չէ այդպիսի համակարգ ունենալ»։ Այս դեպքում հարց է ծագում, թե 2018 թվականի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից ինքն ինչպե՞ս էր հայտարարում, որ վարչապետի ձեռքին չափից ավելի շատ լիազորություններ են կուտակված։ Թե՞ երբ այդ սուպերվարչապետական կոստյումն իր հագին է, արդեն չի ցանկանում հանել, արդեն լավն է ու չխանգարող»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր