211652_close_icon
views-count2167 դիտում article-date 16:43 21-02-2020

Մակունցն անհասկանալի է համարում «Ոչ»-ի կողմից քարոզչություն չիրականացնելը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմի՝ քարոզարշավ չիրականացնելը համարում է, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունից խուսափում: «[url=https://armenpress.am/arm/news/1005805.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ իրենք մասնակի՞ց են, թե ոչ: Ինձ համար հարցն այլ դաշտում է գտնվում: Քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական քաղաքական իրադարձությանը: Երկրորդ՝ չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ «Ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այնուամենայնիվ, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում, դրանով արդեն իսկ իրականացնում են անթաքույց «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար մի փոքր անհասկանալի է, թե ինչու այդ պարագայում քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում և չի իրականացվում քարոզարշավ»,-ասաց Մակունցն ու նկատեց՝ թե «Այո»-ն, թե «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են: Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի անցկացման գործընթացին՝ նա նշեց, որ այն իրավական և սահմանադրական է։ «Հանրաքվեն վերաբերում է Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածին, որով նախատեսվում է փոփոխություն՝ վերականգնելու ՍԴ-ի այն մոդելը, այն ձևը, որը հաստատվել է 2015-ի սահամանադրական փոփոխություններով և, ընդ որում, հավանության է արժանացել միջազգային այն կառույցների կողմից, ում նախապես այն ուղարկվել է որոշակի եզրակացության»,-նշեց նա ու հավելել՝ հարցը վերաբերում է սահմանադրական նորմը վերականգնելուն, Սահմանադրությունն ամբողջապես գործարկելուն: «Ոչ»-ի շտաբը հայտնել էր, որ դասական իմաստով քարոզչություն չեն իրականացնելու, նախաձեռնությանը միացած իրավաբանները հարթակ են տալու բոլոր նրանց, ովքեր «Այո»-ից տարբերվող կարծիք կունենան: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին: Հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձևավորել է «Այո»-ի շտաբը. այն ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին գրանցել է նաև «Ոչ» քարոզչության կողմը, որի լիազոր ներկայացուցիչն է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: ԿԸՀ-ն քաղաքացիական նախաձեռնության կարգով ստացել է «Ոչ» քարոզչական կողմի դիմումը 61 քաղաքացու ստորագրությամբ:

Նմանատիպ նյութեր