211652_close_icon
views-count4222 դիտում article-date 13:57 21-02-2020

Սերգեյ Բագրատյանը պետական գնումների գործընթացում էական վերանայումների կարիք է տեսնում

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պետական գնումների համակարգում նախկինից մնացած էական խութեր է նկատում, կարծում է, որ էական վերանայումների կարիք կա: «[url=https://armenpress.am/arm/news/1005772.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Բագրատյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներում: «Տնտեսական հարաբերությունների զարգացման կարևոր բաղկացուցիչը գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելն է: Արդյո՞ք եղած օրենսդրությունը բավարարում է այն պահանջներին, որ նոր Հայաստանը դրել է իր առջև՝ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքի համար: Վստահեցնում եմ, որ չի բավարարում: Միգուցե որոշ դրույթներ, որոնք նաև միջազգայնորեն ընդունված են, բավարարում են, բայց բուն բովանդակությունը, գնումների փիլիսոփայությունը ընդհանրապես ապահովված չէ: Նախկին համակարգն իրեն համապատասխան գնումների գործընթաց է կազմակերպել»,-ասաց Բագրատյանը: Պատգամավորի կարծիքով՝ նախկինում, երբ որոշվել է, որ գնումների շրջանակում ինչ-որ մեկը պետք է բերի բաժակը, այդ մեկին ասել են, որ գնա, օրինակ, Ռուսաստանում կամ Բելառուսում պայմանավորվի այդ բաժակ արտադրողի հետ: «Նա պայմանավորվում էր, և մրցույթի չափորոշիչների մեջ դնում էին, որ բաժակը պետք է ունենա, օրինակ, 10 սմ բարձրություն և այլն: Հետո ասում էին, որ հայտարարեն մրցույթ հենց այդպիսին: Նրանք շատ հեշտությամբ հաղթող էին ճանաչում այն կազմակերպությունը, որին նախատեսել էին»,-ասաց նա ու հավելեց՝ այդ ընթացակարգով մրցույթները մեր տնտեսությունը բերել են այս վիճակին՝ գերմոնոպոլիզացնելով ապրանքային շուկաները: Նա նկատեց՝ օրենքում ևս խութեր կան: Պատգամավորը շեշտեց՝ պետք է կոտրեն այդ համակարգը: «Տեղական արտադրողի մասնակցության որևէ կարգի խրախուսում որևէ մրցույթում չեմ տեսել: Բայց կարելի է այդպիսին մշակել: Տեղական արտադրողը ապրանքի իրացման խնդիր ունի: Մենք փոքր շուկա ունենք, եթե թույլ տանք ազատ մրցակցության պայմաններում տեղական արտադրողին չպաշտպանել, միանգամից կկորցնենք արտադրողին, որովհետև նրա համար մեկ խթանն այն է, որ իր արտադրանքը գնվի մրցույթի պայմաններում»,-ասաց Բագրատյանը: Նրա կարծիքով՝ գնումների համակարգում մրցույթում ցածր գինը չի կարելի համարել կարևոր, և հաղթող ճանաչել ցածր գին դնողին: «Եթե մրցույթի արդյունքում մի ընկերություն դրել է 1 դոլար, մյուսը՝ 10 դոլար, միջին գինը 5-ն է, 5-ին մոտ առաջարկողը պետք է հաղթի»,-ասաց նա: Պատգամավորը կարևորեց, որ խրախուսեն նաև ստարտափերի մասնակցությունը փոքր գնումներին:

Նմանատիպ նյութեր