211652_close_icon
views-count4703 դիտում article-date 17:33 20-02-2020

Ամոթ է, որ Հայոց բանակի գործող ու զորացրված սպան այսօր տուն չունի. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է. Վարչապետ Ն․ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է զինված ուժերի , ինչպես նաև պահեստազորում գտնվող սպայական կազմի զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդիրներին՝ ընդգծելով, որ կառավարությունը երբեք այդ հարցն օրակարգից չի հանելու: Այս արձանագրումով հանդերձ, ցանկանում եմ նշել, որ այնուամենայնիվ, այս խնդիրը մնում է դեռևս չլուծված, իսկ սկսված գործընթացի տեմպերը շատ դանդաղ են։ Ներկայումս պահեստազորում գտնվող շուրջ 50 սպաներ փորձում են իրենց բնակարանային խնդիրները լուծել դատական ճանապարհով՝ համապատասխան հայցեր ներկայացնելով ՀՀ վարչական դատարան, սակայն դեռևս անհայտ է, թե ինչ հանգուցալուծում կտրվի դատարանի կողմից։ Բացի այդ, ՀՀ քննչական Կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվում է զինված ուժերի գործող սպաների բնակարանայաին պայմանների բարելավման կապակցությամբ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում 10-ից ավելի սպաներ ճանաչվել են տուժողներ։ Նշված սպաները ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք որոշումներով սահմանված կարգով հաշվառվել են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների հերթացուցակում: Մինչ օրս նշված սպաներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն չի տրամադրվել: Տարիներ շարունակ լինելով անօթևան, մարդիկ սպասում են, որ պետությունը վերջապես կկատարի իր առջև դրված պարտականությունը և մարդկանց անհատույց կերպով կտրամադրի բնակարաններ կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց ֆինանսական աջակցություն: Եթե մենք իսկապես ուզում ենք ունենալ փոխված երկիր ու հասարակություն, եթե մենք իսկապես ցանկանում ենք ունենալ մարտունակ բանակ, մենք պարտավոր ենք լուծել այս խնդիրը: Միայն խոսելով հարց չի լուծվում: Կարող է հարց առաջանալ, որ հնարավոր չէ միանգամից լուծել այս հարցը, որ միջոցները սուղ են: Շա՛տ լավ: Այդ հարցի պատասխանն էլ է տվել հենց ինքը՝ Հայաստանի վարչապետը: 2018թ. դեկտեմբերի 3-ին, Արարատ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա 5 տարիներին հավելյալ 2.5 միլիարդ դոլլար է ծախսվելու ՀՀ Զինված ուժերի համար, և այդ գումարն, ըստ վարչապետի, պետք է վճարեն հանրությանը հայտնի կոռուպցիոներները: Հայաստանի վարչապետը նույն միտքը տառացիորեն վերահաստատեց նաև ընտրություններից հետո՝ 2018թ. դեկտեմբերի 13-ին հրավիրված կառավարության առաջին նիստում: Տառացիորեն հենց այսօր էլ վարչապետ Փաշինյանը կրկին հիշատակել է առաջիկա 5 տարիներին զինված ուժերին հավելյալ 2.5 միլիարդ դոլլար տրամադրելու մասին։ Ի՛նչ խոսք, սա նշանակալի ներդրում կլիներ զինված ուժերի համար և որակապես ու արմատապես կփոխեր մեր բանակի ներկայիս դեմքն ու հնարավորությունը: Այս գործընթացը ենթադրում է տարեկան կես միլիարդ դոլլարի ներդրում, ինչն ավելի մեծ գումար է, քան պետական բյուջեով ամեն տարի բանակին տրամադրվող գումարն ամբողջությամբ: Վստահաբար կարելի է արձանագրել, որ եթե այդ գումարների ընդամենը 10 տոկոսն ուղղվի զինված ուժերի սպայական կազմի բնակարանային պայմանների բարելավմանը, մենք այս խնդիրը կլուծենք մեկընդմիշտ ու վերջնական: Ուրեմն լուծե՛ք այս խնդիրը, որքան հնարավոր է՝ շուտ: Ամո՛թ է, որ Հայոց բանակի գործող ու զորացրված սպան այսօր տուն չունի: Հ․Գ․ Սույն տեսանյութը հրապարակվել է 2019թ․ հուլիս ամսին, որի բովանդակությունը նույնպես վերաբերում է սպայական կազմի բնակարանային պայմանների բարելավմանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր