211652_close_icon
views-count2654 դիտում article-date 10:49 20-02-2020

Մենք ապրում ենք շոումեն-քաղաքական գործիչների ժամանակաշրջանում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Փաշինյան-Ալիև բանավեճի մասին բանավեճը չի դադարում։ Այդ՝ երկրորդ բանավեճն ունի առաջին հերթին արտաքին քաղաքական դրսևորում. Հայաստանում և Ադրբեջանում պաշտոնական (իշխանական) տեսակետն այն է, որ իրենց երկրի ղեկավարը ջախջախել է հակառակորդին, և միջազգային հանրության համար այսուհետ վերջնականապես պարզ դարձավ, թե որքան լավն է, արդար է, ազնիվ է իրենց ազգը, և որքան ստոր են իրենց հակառակորդները: Ադրբեջանում այդ բանաձևից շատ քչերն են շեղվում՝ խիստ ավտորիտար երկիր է, այլակարծությունը չի խրախուսվում: Հայաստանում, որտեղ ազատության մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, վիճում են նաև այն մասին՝ արդյո՞ք Փաշինյանը ջախջախեց Ալիևին, թե՞ հակառակը: Ճիշտն ասած, ես որոշակի կասկածներ ունեմ, որ այն խնդիրները, որոնք դիվանագիտական գործընթացի, բանակցությունների առարկա են, պետք է քննարկվեն նաև հրապարակային բանավեճում: Այդ դեպքում բանակցությունները նույնպես կարելի է ուղիղ եթերով հեռարձակել, որպեսզի ամբողջ աշխարհը և մասնավորապես երկու ազգերը որոշեն, թե ով ում ջախջախեց, ով ում ցեխը կոխեց կամ «տռաս հանեց»: Չէ՞ որ ցանկացած բանավեճ շոու է, որը հենց այդ նպատակն է հետապնդում՝ մրցակից կողմերն իրենց հռետորական արվեստի ողջ զինանոցը կիրառելով, ձգտում են ցույց տալ հակառակորդի սխալ լինելը, բացահայտել նրա թույլ և տգեղ կողմերը: (Դա, ի դեպ, ճիշտ է նաև ֆեյսբուքյան բանավեճերի դեպքում): Այն ասացվածքը, թե իբր բանավեճերի մեջ ճշմարտությունն է ծնվում, պարզապես հեքիաթ է, որը հնարել են շոուների կազմակերպիչները՝ հանդիսատես գրավելու համար: Ինչ ճշմարտություն կարող է ծնվել Փաշինյանի և Ալիևի վեճից: Մեր և ադրբեջանցիների ճշմարտությունները, ցավոք, այնքան տարբեր են, որ, համենայնդեպս, միջազգային հրապարակային հարթակում դրանք համադրելն անհույս գործ է: Դա տեսականորեն հնարավոր է դիվանագիտական շփումների ժամանակ, բայց հանդիսատեսի առաջ «իրար ջախջախելը» դրան բացարձակապես չի նպաստում: Փաստենք նաև, որ Հայաստանի վարչապետը գոնե փորձեր էր անում՝ խոսակցությունն ուղղել ինչ-որ կառուցողական հուն: Ադրբեջանի նախագահն այդպիսի փորձեր անգամ չէր անում՝ հասկանալով, որ «ժանրի կանոնները» բոլորովին այլ բան են պահանջում: Բայց պետք է նաև արձանագրել, որ մենք ապրում ենք շոումեն-քաղաքական գործիչների ժամանակաշրջանում, որը երբեմն կոչում են «պոստ-մոդեռն» բարեհունչ բառով: Շոումենների շարքում պետք է դիտել հեռուստատեսային աստղեր Դոնալդ Թրամփին և Վլադիմիր Զելենսկուն, մի շարք եվրոպական գործիչների, որոնք սիրվել են ժողովրդի կողմից իրենց ճարտար լեզվի և հակառակորդներին «տռաս հանելու» վարպետության շնորհիվ: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին նույնպես կարելի է համարել «պոստ-մոդեռնի» ներկայացուցիչ: Այնպես որ չզարմանաք, եթե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հաջորդ անգամ հեռարձակվի «օն-լայն» ռեժիմով»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր