211652_close_icon
views-count2041 դիտում article-date 23:22 17-02-2020

«Այո»-ի շտաբը մոտ ապագայում մանրամասներ կհայտնի հանրաքվեի քարոզարշավի մասին

«Այո»-ի շտաբն առաջիկայում մանրամասներ կներկայացնի Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ: «[url=https://armenpress.am/arm/news/1005251.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Այսօր հարցեր հնչեցին հանրաքվեի հետ կապված, սակայն սա մեր խմբակցության հերթական հանդիպումն էր վարչապետի հետ, և քննարկումը նվիրված էր ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության տարբեր հարցերին: Մեծ ժամանակ տրամադրվեց մյունխենյան հանդիպումների արդյունքների վերաբերյալ քննարկումներին»,- նշեց Սիմոնյանը: Խոսելով հանրաքվեի քարոզարշավի վերաբերյալ որոշման մասին՝ ԱԺ փոխխոսնակը շեշտեց, որ իրենք մոտ ապագայում կունենան ասուլիս կամ հայտարարություն կանեն, որտեղ կբարձրաձայնվեն այդ հարցի հետ կապված բոլոր մանրամասները: «Մենք դեռևս չենք քննարկել, թե ինչ ձևաչափում է անցկացվելու քարոզարշավը: Հստակ է այն, որ վարչապետը մասնակցելու է քարոզարշավին, նա սիրում է շփվել ժողովրդի հետ: Դեռևս տեղյակ չեմ, վարչապետը արձակուրդ կունենա այդ ընթացքում, թե ոչ: Կարծում եմ՝ կնայվի, թե որն է օրենքի պահանջը, ինչպես նաև հաշվի կառնվի պարոն Փաշինյանի ծանրաբեռնվածությունը»,- շեշտեց Սիմոնյանը և հավելեց, որ քարոզարշավը կսկսեն այն ժամանակ, երբ ճիշտ կհամարեն: Անդրադառնալով փաստին, որ խորհրդարանական ուժերը չեն ձևավորելու «Ոչ»-ի շտաբեր, Սիմոնյանը նշեց, որ իրենք անհանգստանալու որևէ առիթ չեն տեսնում: «Մենք ոչ մի մտահոգություն չունենք այդ ամենի կապակցությամբ, չնայած, վստահ եմ, որ «Ոչ»-ի ճամբար կձևավորվի»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Խոսելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Այո»-ի շտաբի ղեկավար նշանակվելու մասին, Սիմոնյանն ասաց, որ այստեղ օգտագործվում է նրա փորձը, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է նաև «Իմ քայլը» խմբակցության շտաբի պետը:

Նմանատիպ նյութեր