211652_close_icon
views-count18906 դիտում article-date 18:25 17-02-2020

Արթուր Ալեքսանյան. Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան՝ թուրքական

Ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ, հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանն առաջիկա օրերին կմեկնեն մարզական հավաքների: Ինչպես հաղորդում է [url=https://https://armenpress.am/arm/]«Արմենպրես»[/url]-ը, այս մասին մարզիկները հայտնել են փետրվարի 17-ին լրագրողների հետ Գյումրիում ունեցած ճեպազրույցում: Անդրադառնալով Հռոմում անցկացված առաջնությանը՝ Արթուր Ալեքսանյանը նշեց, որ միակ մտավախությունն այդ մրցումների ժամանակ Օլիմպիական խաղերին ընդառաջ վնասվածք ունենալն էր: «Մնացածը՝ լավ մարզավիճակում էի, ինձ լավ էի զգում: Գոտեմարտել եմ իմ հիմնական մրցակիցների հետ ու բոլորին լավ ճանաչում էի»,-նշեց Արթուր Ալեքսանյանը: Անդրադառնալով թուրք և ադրբեջանցի երկրպագուների և թուրք մարզիկի պահվածքին՝ հաղթական պատվո հարթակի վրա մեջքով հայկական դրոշին կանգնելուն, մարզիկը նշեց, որ այդ պահվածքը կարևոր չէ: «Այդ ժամանակ ես չեմ տեսել, ինձ հետո ասացին, բայց, եթե նույնիսկ նրանք դեմքով չշրջվեցին դրոշին, հայոց հիմնը լսեցին: Իմ հակառակորդ ադրբեջանցի մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը: Այնպես որ, նրանց մեջքով շրջվելը կարևոր չէ»,-նշեց Արթուր Ալեքսանյանը՝ տեղեկացնելով որ դահլիճում շատ են եղել հայ երկրպագուներ, նրանց թվում` նաև Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը, ինչը իրեն ավելի է ոգևորել: Կարապետ Չալյանն էլ խոստանում է Օլիմպիական խաղերին չշտապել: «Կաշխատեմ օլիմպիական մրցումների ժամանակ չշտապել, հենց այդ շտապելն է որ խանգարում է ինձ հաղթել»,-անկեղծացավ Չալյանը: Խոսելով Եվրոպայի առաջնության իր մրցակիցների մասին՝ Կարապետ Չալյանը նշեց, որ բավական բարդ էր. «Բոլորը փորձառու ըմբիշներ էին, դժվար էր գոտեմարտելը, բայց փա՛ռք Աստծո, առանց մեդալ չվերադարձա»: Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը նվաճեցին բրոնզե մեդալ:

Նմանատիպ նյութեր