211652_close_icon
views-count3105 դիտում article-date 15:03 16-02-2020

Հետաքրքիր փաստեր Նիդերլանդներից կամ ինչպես վտանգել կյանքը հանուն հարևանների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://shamshyan.com/hy/article/2020/02/12/1147253/]Մաս 2[/url] Օրերս Նիդերլանդներում տեղի ունեցավ հետաքրքիր և յուրօրինակ իրադարձություն-տոն: Այն կոչվում էր «Gluren by buren» (թարգմանաբար` «հայացք դեպի հարևաններդ»): Տարբեր քաղաքներում եկեղեցիները, սոցիալական և շահույթ չհետապնդող ընկերությունները, նույնիսկ ուղղակի հարևանները բացել էին իրենց դռները հյուրերի ու արվեստասեր հարևանների համար։ Միջոցառումը կազմակերպվել էր «Gluren by the buren» կազմակերպության կողմից, և օրվա ընթացքում ցանկացած մեկը կարող էր այդ կազմակերպության կայքում նշված հասցեներով պտտվել հարևանների տներով ու անվճար դիտել տարբեր թատերական ներկայացումներ, լսել ջազ կամ այլ երաժշտություն, մասնակիցը դառնալ փոքր ու մեծ տարատեսակ մշակութային այլ իրադարձությունների։ Միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ անհատ կամավորներ և ընկերություններ։ Նրանցից մեկը “Toneelenzo” ընկերությունն էր, որը Նիդերլանդների Հաառլեմ քաղաքում ներկայացրեց իր «Լուկը և Սառան» թատերական մանկական բեմադրությունը։ Սակայն այս իրադարձության ամենահետաքրքիրը ոչ թե հոլանդացիների կրեատիվ լինելն ու կամավորական աշխատանքին այդքան պատրաստ լինելն է, այլ այն, որ միջոցառման օրը Նիդերլանդերում հայտարարված էր նարնջագույն կատեգորիայի վտանգավոր փոթորկի օր (120կմ/ժ): Մենք նույնիսկ տանից դուրս չենք եկել, քանի որ տեսնում էինք մեր տանը հարակից այգում ինչպես էին ծառերը մեկը մյուսի ետևից ընկնում (նախորդ փոթորիկի ընթացքում մարդիկ էին մահացել ճանապարհներին)… Այնուամենայնիվ, այս փաստն ընդհանրապես չվախեցրեց միջոցառման մասնակիցներին։ «Լուկը և Սառան» թատերական բեմադրության դերասանուհի Իլոնա Բրուգմանը բնակվում է Ալսմեր քաղաքում և փոթորկի օրը գնացել էր Հաառլեմ՝ խաղալու երեխաների համար իրենց ներկայացումը (քաղաքներն իրարից մոտ 24կմ. հեռավորության վրա են գտնվում): Իլոնայի հավաստմամբ, խոստումն ու պատասխանատվությունը կյանքից էլ առավել կարևոր են իրենց համար։ «Ինչպե՞ս մենք կարող էինք հուսախաբ անել մեզ այնտեղ սպասող 3-ից-11 տարեկան փոքրիներին։ Իհարկե, այդ օրը սովորականից ավելի երկար ու բավական դժվար ենք հասել Հաառլեմ, բայց մենք արել ենք այն, ինչ պարտավոր էինք անել. ոչ մի արտառոց բան չկա էդտեղ, ըստ իս։ Փոքրիկների երջանիկ ժպիտներն ու ուրախությունը մեզ համար ցանկացած մահացու փոթորկից առավել են ու կարևոր», - վստահեցնում է նա։ Ուշագրավ ու անսովոր է նաև այն, որ Իլոնային և իր գործընկերներին «բեմահարթակ» էր տրամադրել Հաառլեմում բնակվող մի երիտասարդ ընտանիք' Յաուկան և Սոֆին: Դերասանները խաղացել են ներկայացումը այդ ընտանիքի տան ճաշասենյակում։ «Մենք տանտերերին նախապես չէինք հանդիպել։ Շատ սիրեցինք նրանց։ Այնքան հիանալի ու պատրաստակամ մարդիկ էին. չէին զլացել ու ճաշասենյակի ողջ կահույքը տեղափոխել էին, դրել այգում կամ բարձրացրել երկրորդ հարկ։ Երբ մտանք իրենց տուն, նրանք ասացին, որ այսօր` այդ տունը մերն է և կարող ենք անել այն, ինչ մեզ պետք է։ Նրանք նույնիսկ սեղան գցեցին ներկայացումների ընմիջումների ընթացքում ու հյուրասիրեցին մեզ համեղ ճաշատեսակներով»։ Իմ այն հարցին, թե արդյո՞ք ընտանիքը շատ ժամանակ ունի, Իլոնան պատասխանեց. «Ո՛չ, նրանք զբաղված մարդիկ են, ունեն երկու փոքր երեխա։ Ուղղակի մենք՝ հոլանդացիներս, սիրում ենք ուրախացնել փոքրիկներին»։ Իլոնան և իր թիմը այդ օրվա ընթացքում հասցրեցին խաղալ իրեց ներկայացումը երեք անգամ՝ այդ տան ճաշասենյակում հավաքված տանտերերին ծանոթ ու անծանոթ փոքրիկների ու նրանց ծնողների համար… …Դե ինչ, կարծում եմ, մարդկանց նմանօրինակ անհավատալի նվիրումն ու մոտեցումն է, որ ստիպում է ինձ օր-օրի սիրահարվել Նիդերլանդներին, էստեղի ապրելակերպին ու մարդկանց մտածելակերպին…. Շարունակելի... [b] ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր