211652_close_icon
views-count1254 դիտում article-date 12:07 14-02-2020

Մեր գործող դատական համակարգը` ներառյալ ՍԴ-ն, ձեւավորվել է հին քաղաքական պայմաններում. Փաշինյան

Կա մի ոլորտ, որտեղ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք չենք կարող պարծենալ մեծ հաջողություններ ունենալով եւ դա դատաիրավական համակարգն է, որովհետեւ մեր գործող դատական համակարգը` ներառյալ Սահմանադրական դատարանը ձեւավորվել է հին քաղաքական պայմաններում եւ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այդտեղ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս մասին փետրվարի 13-ին «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սրա պատճառներից մեկն այն է, որ մենք առաջնորդվել ենք եւ շարունակում ենք առաջնորդվել ՀՀ-ում ինստիտուցիոնալ քայլերով առաջ գնալու ճանապարհով, որպեսզի մեր գործողությունները չլինեն տարերային, իներցիոն եւ մեր գործողությունների արդյունքում մենք համոզված լինենք, որ բերելու ենք օգուտ, այլ ոչ թե վնաս: Որովհետեւ մեր երկիրը, ցավոք սրտի, երկար ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկելի դատական համակարգի պայմաններում: Եվ մեր խնդիրն է ոչ թե վերահսկողություն հաստատել դատական համակարգի վրա, այլ ստեղծել երաշխիքներ, որ երկրում կա իսկապես անկախ եւ անկողմնակալ դատական համակարգ, որը չի գտնվում ոչ միայն կառավարության, այլեւ որեւէ այլ արտաքին, ներքին ուժի ազդեցության ներքո: Եվ այս առումով շատ կարեւոր է, որ մենք սկսենք գործնականացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները, այդ թվում` Եվրամիության աջակցությամբ: Մենք ընդունել ենք դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ այս առումով մենք սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ եւ շնորհակալ ենք, որ նրանք աջակցում ենք մեզ եւ պատրաստ են աջակցել, ընդ որում տեխնիկապես, ֆինանսապես եւ գործնական աջակցությամբ: Ընթացիկ շրջանի ամենակարեւոր նորությունը սակայն այն իրադարձություններն են, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության Սահմանդրական դատարանի շուրջ: Վերջերս Հայաստանի խորհրդարանը հսկայական մեծամասնությամբ ընդունեց որոշում 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակել հանրաքվե Սահմանադրական դատարանի հարցով: Հանրապետության նախագահն արդեն ստորագրել է հանրքվե անցկացնելու որոշումը եւ մենք Սահմանադրական դատարանի հարցով կունենանք հանրաքվե 2020 թվականի ապրիլ 5-ին: Ես ուզում եմ ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչն է նման որոշման պատճառը եւ ինչ բովանդակություն ունի սահմանդրական հանրաքվեն: 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց նոր Սահմանադրություն, որն ամբողջապես ուժի մեջ մտավ 2018 թվականի ապրիլի 9-ին: Այդ Սահմանադրության մեջ նկարագրված է Սահմանադրական դատարանի բոլորովին նոր մոդել, քան գոյություն է ունեցել նախկինում Հայաստանի Հանրապետությունում եւ ընդ որում այդ մոդելը լայնորեն արժանացել է միջազգային մեր գործընկերների հավանությանը եւ դրվատանքին: Ի՞նչ է նախատեսված այդ մոդելում. նախատեսված է, որ ի տարբերություն նախկինի` Սահմանադրական դատարանը պետք է լինի հավասարակշռված եւ Սահմանադրական դատարանը պետք է ձեւավորվի հետեւյալ սկզբունքով` երեքական թեկնածուներ պետք է առաջադրեն Հանրապետության նախագահը, կառավարությունը եւ դատավորների ընդհանուր ժողովը եւ այդ թեկնածուների ընտրությունը պետք է տեղի ունենա խորհրդարանում: Սա առաջին կարեւոր սկզբունքն է, այսինքն իշխանության երեք տարբեր ճյուղերը պետք է ներկայացնեն թեկնածուներ եւ խորհրդարանը պետք է ընտրի: Հաջորդ կարեւոր սկզբունքը` Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանված 12 տարին, ընդ որում մեկ անձը կարող է Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվել միայն մեկ անգամ: Երորդ կարեւոր սկզնունքը` Սահմանդրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրական դատարանի կողմից 6 տարի ժամկետով: Ընդ որում, նույն անձը չի կարող ավելի քան մեկ անգամ, այսինքն ավելի քան 6 տարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ: Սա է այն մոդելը, որ գործում է մեր ներկայիս Սահմանդրությամբ: Հարց, արդյոք մենք ունենք այսօր այդպիսի Սահմանադրական դատարան: Ոչ, մենք այսօր չունենք այդպիսի Սահմանադրական դատարան, որովհետեւ նախորդ խորհրդարանի եւ կառավարության օրոք նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց ընդամենը 19,20,30 օր առաջ տեղի են ուեցել օրենսդրական մանիպուլյացիաներ, որով մենք այսօր գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարան չոնենք: Հարց, իսկ ե՞րբ կունենանք մենք այդպիսի Սահմանդրական դատարան, մեր Սահմանդրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան, եթե որեւէ բան չփոխենք: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մեր Սահմանդրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան 2035 թվականին, ոչ մի օր շուտ: Ինչո՞ւ, որովհետեւ նախորդ կառավարության ներկայացուցիչները որոշակի օրենսդրական մանիպուլյացիաների արդյունքում, օրինակ ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչեւ 2035 թվականը: Այսինքն, ի հեճուկս մեր Սահմանադրության` 18 տարի Հայաստանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու: Այսինքն, սա մոտավորապես նույնն է, եթե մենք հիմա օրենսդրական փոփոխություններ անենք, մանավանդ, որ մենք խորհրդարանում ունենք սահմանադրական մեծամասնություն եւ որոշենք, որ մինչեւ 2035թ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու եւ վարչապետը չի փոխվելու: Չնայած Սահմանադրությամբ նախատեսված է, որ հինգ տարին մեկ պետք է լինի խորհրդարանական ընտրություն: Հաջորդը. չնայած մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարի, մեր Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը, եթե ոչինչ չփոխվի, այդ օրենսդրական մանիպուլյացիանների արդյունքում պետք է ունենա պաշտոնավարման 25-30 տարի ժամկետ: Սա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար, որովհետեւ այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունը, ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ողջ օրակարգը Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է եւ այդ կուսակցությունն այն կուսակցությունն է, որը Հայաստանի Հանրապետությանն առաջնորդել է դեպի կոռուպցիոն համակարգ, որն այսօր ըստ էության երազում է Հայաստանում ժովրդավարության ձախողում: Մենք այսպիսի իրավիճակ չենք կարող հանդուրժել եւ ի՞նչ ենք արել՝ մենք հարցը հանել ենք հանրաքվեի, համաժողովրդական հանրաքվեի եւ այդ հանրաքվեով մենք առաջարկում ենք հետեւյալը. Սահմանադրական դատարանի այն անդամների, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ առաջադրված պայմաններին եւ պահանջներին, լիազորությունը դադարեցվի եւ մենք կունենանք նոր, մեր Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում Հանրապետության նախագահը, կառավարությունը եւ դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն Սահմանադրական դատարանի թեկնածուներ, եւ մենք կունենանք մեր Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան: ԸՆդ որում, հիմա խորհրդարանի օրակարգում են դատական օրենսգրքի բարեփոխումները, համաձայն որոնց, բոլոր նորանշանակ դատավորները, ներառյալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները, կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որն ի դեպ նույնպես նոր է ձեւավորվել եւ տեղի է ունեցել աննախադեպ բան: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր ղեկավարում է մի թեկնածու, որն առաջադրվել է ընդդիմության կողմից: Սա կարծում եմ` կարեւոր փաստ է արձանագրելու համար եւ ահա այդ հանձնաժողովը, օրենքի ընդունումից հետո, որը վստահ եմ մինչ այդ կնդունվի, կստուգի բոլոր դատավորների թեկնածուների համապատասխանությունը, որովհետեւ մեր օրենսդրության համաձայն, այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորների անաչառությունը եւ չքաղաքականացված լինելը պարտադիր պայման են: Եվ մենք պետք է անպայման ապահովենք այդպիսի պայմաններ»:

Նմանատիպ նյութեր