3299 դիտում
13:22 13-02-2020
Անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար կսահմանվի ազատազրկում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծի նպատակն է ընտանիքի մայրության, հայրության, մանկության պաշտպանությունը, երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:
«Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու, կամ հարկադրելու համար, հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:
Այդ արարքները կպատժվեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, ավելի խիստ պատիժներ են սահմանված, եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով: «Այդ դեպքում՝ անձը կպատժվի ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Իսկ եթե այդ արարքները կատարվեն կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացնեն տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա պատժվում են՝ ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Բաթոյանը նկատեց, որ այս կարգավորումը բխում է երեխայի իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիայից և դրան կից երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ արձանագրությունից, երեխաների պաշտպանության օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցությանմասին ՄԱԿ-ի կոնվենցիայից, ինչպես նաև երեխայի որդեգրման մասին եվրոպական կոնվենցիայից, որը ստորագրվել է ՀՀ կողմից 2008 թվականին:
Նմանատիպ նյութեր
12625 դիտում
09:26 18-08-2018
Ընտրակաշառք տալու համար կսահմանվի ազատազրկում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան