211652_close_icon
views-count1328 դիտում article-date 11:44 12-02-2020

Ինքնավնասում կատարած ազատազրկվածին կարգապահական տույժի ենթարկելն անթույլատրելի է. ՄԻՊ

Ինքնավնասում կատարած ազատազրկվածին քրեակատարողական հիմնարկում կարգապահական տույժի ենթարկելը և մեկուսացնելն անթույլատրելի է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ այսպիսի պրակտիկան պետք է բացառվի, և դա պետք է արվի նույնիսկ մինչև օրենքի փոփոխությունը: «Քրեակատարողական հիմնարկներից մեկում իմ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունն արձանագրել է այդպիսի դեպք։ Այցի արդյունքներով որոշում եմ կայացրել նախաձեռնել վարույթ և արդյունքում կայացրել խախտման առկայության մասին որոշում»,- գրել է Թաթոյանը: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձի համար ազատությունից զրկված անձի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն իրավաչափ չէ, և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը, որը տալիս է նման հնարավորություն, ենթակա է փոփոխման: «Որոշմամբ արձանագրվել է, որ կոնկրետ գործով չեն գործադրվել բավարար ջանքեր ազատազրկվածի նկատմամբ պատշաճ հոգեբուժական հսկողություն, ինչպես նաև ինքնավնասումների կանխարգելման ուղղությամբ, ավելին՝ անձն ինքնավնասում կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի և մեկուսացվել: Ինքնավնասում և ինքնասպանության փորձ կատարած ազատությունից զրկված անձինք պետք է ստանան բավարար ծավալով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական և հոգեբանական աջակցություն՝ գտնվելով քրեակատարողական ծառայողների և բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրող անձնակազմի անմիջական մշտական հսկողության տակ, ինչպես նաև ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ կատարելու համար ազատությունից զրկված անձանց նկատմամբ կարգապահական տույժեր չպետք է կիրառվեն: Ավելին, անհրաժեշտ է մշակել ինքնավնասումներն ու ինքնասպանության փորձերը կանխարգելելու ընդհանուր և անհատական միջոցառումների պլան: Յուրաքանչյուր նման դեպք պետք է ուսումնասիրվի անհատապես և պետք է սահմանվի հսկողության իրավիճակային պլան: Դրանից բացի, կոնկրետ դեպքում անձի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելիս ՔԿՀ-ն չի քննարկել նաև արգելված իրերի խցում գտնվելու հանգամանքն այն հաշվառմամբ, թե որտեղից է այն դուրս բերվել (ազատազրկվածը գամված է եղել սանհանգույցի դռան վրա) և պատշաճ հսկողություն չի իրականացվել արգելված իրերի խցում գտնվելու նկատմամբ, երբ ազատությունից զրկված անձի մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում», և անձը նախկինում իրականացրել է ինքնավնասում՝ ածելու շեղբը կուլ տալու միջոցով։ Ուստի, ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկվել է մշակել նախագիծ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և բացառել սեփական անձի առողջությանը կամ կյանքին վտանգ սպառնացող գործողությունների դեպքում կարգապահական տույժերի նշանակումը»,- գրել է Թաթոյանը: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` մինչև օրենսդրական փոփոխությունների կատարումը պետք է անհապաղ դադարեցնել ինքնավնասումների պարագայում կարգապահական տույժերի կիրառման պրակտիկան: «Խախտման որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկվել է նաև մշակել ազատությունից զրկված անձանց կողմից ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելման համալիր ռազմավարություն, ներառյալ՝ ռիսկերի գնահատման, դրանց համապատասխան հսկողության, միջմասնագիտական (բժշկական, սոցիալ-հոգեբանական, անվտանգության և այլն) համագործակցության մեխանիզմներ, ինչպես նաև յուրաքանչյուր անհատական դեպքում հստակ գործելակարգ: Ազատությունից զրկված անձին ներկայացվել են իր խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմները, այդ թվում՝ դատական կարգով այն իրացնելու հնարավորությունը: Որոշումն ուղարկել է նաև ՀՀ գլխավոր դատախազին՝ ի գիտություն»,-եզրափակել է Թաթոյանը:

Նմանատիպ նյութեր