211652_close_icon
views-count7809 դիտում article-date 22:54 11-02-2020

Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը, որը տևական ժամանակ Հայաստանում չի կատարվել: Փետրվարի 21-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին այն կներակայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schütz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ: Մինչ ճանաչված դիրիժորը կժամանի Հայաստան՝ երաժշտախմբերի փորձերն ընթանում են դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Երկու ժամ տևողությամբ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է: Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին, և երկար տարիներ չի կատարվել: Այս անգամ այն կներկայացվի այնպիսի երաժշտական գործիքների ներգրավվմամբ, որոնք հազվադեպ են պատահում և որոնց կատարողներին բավականին դժվար է եղել գտնել: Հատկանշական է, սակայն, որ գործը Հայաստանում կհնչի գերմանական կողմի նախաձեռնությամբ և սա բացառիկ դեպք է: Theodor Schütz Ensemble-ը, ուսումնասիրելով Կամերային նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունները, իր ցանկությունն է հայտնել համագործակցել նրանց հետ հենց մեր երկրում: Համույթն առաջին անգամ է ժամանելու մեր երկիր հենց այս համերգի համար: Տեղեկացնենք, որ փետրվարի 22-ին էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որին ևս միանալու ցանկություն են հայտնել գերմանական կողմի արտիստները:

Նմանատիպ նյութեր