211652_close_icon
views-count4568 դիտում article-date 15:25 11-02-2020

ՄԻԵԴ-ը փաստում է, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ վտանգված է. ՀՀ ԱԳՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է: Այս մասին հայտարարում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ՄԻԵԴ-ի՝ հունվարի 30-ին կայացրած վճռին: «Հունվարի 30-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Սարիբեկյանը և Բալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Այն վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանության բաժանմունքում մահվան հանգամանքներին: Մանվել Սարիբեկյանը 2010թ.-ի սեպտեմբերի 11-ին եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել է Տավուշի մարզի սահմանամերձ հատվածում և հայտնվել ադրբեջանական կողմում, իսկ 1 ամիս անց՝ 2010թ. նոյեմբերի 4-ին, Սարիբեկյանի դիակը հանձնվել է հայկական կողմին: Ըստ ադրբեջանական վարկածի՝ հայ հովիվն ինքնասպանություն էր գործել Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումում: Անհրաժեշտ է նշել, որ ադրբեջանական կողմն ակնհայտ սուտ մեղադրանքներով քրեական գործ էր հարուցել Մանվել Սարիբեկյանի հանդեպ և կտտանքների ներքո պարտադրել հանդես գալ ադրբեջանական հեռուստատեսությամբ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ՀՀ քաղաքացու` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված հիմնարար իրավունքների խախտումներ, մասնավորապես՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) և՛ նյութիրավական, և՛ դատաիրավական ասպեկտների, ինչպես նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար կասկածից վեր է, որ Սարիբեկյանը ենթարկվել է չափազանց լուրջ և դաժան տառապանքների, որոնք նրան հասցվել են միտումնավոր՝ ադրբեջանական իշխանությունների ուղղակի վերահսկողության ներքո գտնվող կալանավորված անձի նկատմամբ: Վճիռն աննախադեպ է. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջին անգամ ամրագրել է Ադրբեջանի պատասխանատվությունը ՀՀ քաղաքացուն կյանքի զրկելու գործում և արձանագրել, որ ՀՀ քաղաքացին տանջամահ է արվել մասնավորապես Ադրբեջանի ռազմական ոստիկանության ստորաբաժան անձնակազմի բռնի գործողությունների հետևանքով: Այս վճիռն հերթական անգամ հաստատում է, որ Ադրբեջանը բացահայտորեն խախտում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այն նաև փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո հայտնված յուրաքանչյուր հայ, անկախ կարգավիճակից, ուղղակիորեն վտանգված է: ՀՀ-ն շարունակական ջանքեր կգործադրի ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի անվտանգության ապահովման և արդարության վերականգնման ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր