211652_close_icon
views-count8407 դիտում article-date 23:28 10-02-2020

Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նորոգվում և արդիականացվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ամեն թատրոն պետք է ունենա իր ձեռագիրը». ռեժիսոր-բեմադրիչ, դերասան Հրաչյա Ղափլանյանն իրեն հետապնդող այս մտքի հետքերով 1967 թվականին հիմնադրեց Երևանի դրամատիկական թատրոնը: Բեմը լցվեց երևակայության նրա գույներով՝ երիտասարդական անմիջականությամբ ու անկեղծությամբ, որը դարձավ յուրօրինակ կնիք: Թատրոնի անձնակազմը հիմա սպասում է շենքի նորոգմանը՝ նշելուՂափլանյանի 95 և նրա անունը կրող թատրոնի 50-ամյա հոբելյաները: «Այս շենքը եղել է մամուլի կոմիտեի նիստերի դահլիճը: 1968 թվականից մտել ենք այս շենք և այլևս դուրս չենք եկել: Եվ արդեն 50 տարի փորձում ենք այս շենքը թատրոնի շենք դարձնել: Մինչև օրս այստեղ չկա անգամ օդափոխություն»,- նշում է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը: Վերջին անգամ թատրոնը նորոգվել է շուրջ 20 տարի առաջ: Համայնքի ենթակայությամբ գործող դրամատիկականում, չդադարող փորձերին զուգահեռ, շինարարական աշխատանքներ են: 2019թ. Երևանի ավագանին հաստատեց բյուջեի փոփոխված տարբերակը, որով էլ 157 մլն դրամ հատկացվեց թատրոնի վերանորոգմանն ու վերազինմանը: «Մենք խիստ կարևորում ենք մշակութային կազմակերպությունների տեխնիկական և գույքային միջոցների և առհասարակ պայմանների արդիականացումն ու բարելավումը: Սա կարևոր է, որովհետև Երևանի մի շարք թատրոններ և թանգարաններ չունեն այն պայմանները, որոնք հարիր են 21-րդ դարին, և մենք սկսել ենք Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից»,-ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Թատրոնի համար առաջնային խնդիրը օդափոխության համակարգի անցկացումն է՝ դահլիճում, փորձասենյակներում և հանդերձասենյակներում: «Մեր սիրելի փոքրիկ դահլիճը մի մեծ թերություն ուներ. մայիսի կեսերից արդեն չէինք կարողանում խաղալ, որովհետև շատ շոգ էր, օդափոխություն չկար: Հիմա լիովին նոր օդափոխության համակարգ է անցկացվում, որը հնարավորություն կտա հանգիստ խաղալ, ձմռանն էլ տաք կլինի»,- նշում է ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը: «Բոլորը սպասում են, թե երբ է լինելու այն ամենը, ինչի մասին տարիներով սպասել և երազել ենք»,-հավելում է վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանը: Շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ պայմաններով: Հարդարումից հետո դահլիճում և ամֆիթատրոնում կտեղադրվեն նոր բազկաթոռներ, կփոխվի բեմի վարագույրը, կթարմացվեն նաև միջանցքները: Վերանորոգումից հետո հանդիսատեսին կդիմավորեն լուսային ու ձայնային նոր հնարավորությունները: Աշխատանքների ընթացքին փոխքաղաքապետը ծանոթացել է տեղում: «Այն տեխնիկական միջոցները, որով աշխատում էր դրամատիկական թատրոնը՝ անալոգային, հնարավորություն չէին տալիս ցուցադրել ամբողջ ստեղծագործական ներուժը: Մենք բոլորը փոխում ենք տեխնիկայի վերջին շնչով և վստահորեն կարող ենք ասել, որ նոր տեխնիկան լավագույնն է Հայաստանում: Մասնագետներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց երևակայությունը լավագույնս ներկայացնել բեմում»,-ընդգծում է Տիգրան Վիրաբյանը: Ներկայացման ժամանակ բոլոր լույսերը կմիանան, կփոփոխվեն ու կանջատվեն լույսերի կառավարման՝ Հայաստանում առաջին ու առայժմ միակ այս համակարգով: Ձեռքի ընդամենը մեկ սեղմում, և ներկայացման ամբողջ ընթացքում լուսային ձևավորումը կապահովվի նախապես որոշված ծրագրով: Թվային նոր համակարգով կաշխատեն նաև հնչունային մասնագետները: «Ունենալու ենք գունեղ և նոր շնչով ձևավորված ներկայացումներ: Վահանակը կարող է սպասարկել Երևանի բոլոր թատրոնները: Բացի այդ, ձայնային և լուսային համակարգերը կարող են նաև միասին աշխատել, որը շատ կարևոր է, օրինակ, մյուզիքլների ժամանակ»,-ասում է թատրոնի աշխատակից Վահագն Միքայելյանը: Վերազինման ծրագրով նոր տեխնիկայով է հագեցել նաև թատրոնի լուսանկարչական ստուդիան: Թատրոնի ամբողջ տարածքը կունենա տեսահսկման նոր համակարգ: Դրամատիկականի խաղացանկում կա 20 անուն ներկայացում: Նորոգումից հետո թատրոնը հանդիսատեսին կդիմավորի նոր ներկայացումներով՝ դառնալով քաղաքի մշակութային զարկերակներից մեկը: «Կարծում եմ՝ մարտին կկարողանանք ամբողջական ծավալով ավարտել աշխատանքները, որից հետո թատրոնը հանդիսատեսի առջև կրկին կբացի դռները, և կմեկնարկի նոր թատերաշրջանը»,-հավելում է փոխքաղաքապետը: Աշխատանքներն ավարտվելուց հետո դրամատիկականի արդեն նախկին, բայց պիտանի սարքավորումներն ու գույքը կհանձնվեն «Մ. Մկրտչյան արտիստական» թատրոնին: 2020 թվականին քաղաքային ծրագրերը մշակութային կենտրոնների կենսագրությունում կբացեն նոր էջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր