211652_close_icon
views-count14610 դիտում article-date 14:04 09-02-2020

Երկու աշխարհի սահմանագծին. Վահան Տերյանն այսօր կդառնար 135 տարեկան

Բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանը, որը հարուստ գրական ժառանգություն է փոխանցել սերունդներին և ձևավորել այն լեզուն, որով բանաստեղծները ստեղծագործում են մինչ օրս, փետրվարի 9-ին կդառնար 135 տարեկան: [url=https://armenpress.am/arm/news/1004219.html]«Արմենպրես»-[/url]ի թղթակցի հետ զրույցում բանաստեղծ Հուսիկ Արան շեշտեց, որ Տերյանը նախ և առաջ քաղաքային կուլտուրա է ստեղծել: «Տերյանն իր գրականությամբ ամբողջությամբ փոխեց և քաղաքային մշակույթի աստիճանի բարձրացրեց մեր հայացքը, մտածողությունը և՛ պոեզիայում, և՛ առհասարակ լեզվական խոհականության առումով: Ինչպես Պուշկինը կարողացավ ռուսաց լեզուն փրկել իր բանաստեղծությամբ, այնպես էլ Տերյանը կարողացավ նոր մշակույթ ստեղծել իր քնարերգությամբ»,-ասաց Հուսիկ Արան: Բանաստեղծը խոստովանեց, որ Տերյանի գրեթե բոլոր գործերն է սիրում: «Նա տրամադրություն, մթնոլորտ ստեղծող գրող է: Շատ եմ սիրում «Երկիր Նաիրի» շարքը: Այդ շրջանում մեր գրողները միայն ստեղծագործողներ չէին, այլև հասարակական գործիչներ, որոնք ամփոփում էին մեր հայրենիքը: Այդպիսին էր Վահան Տերյանը: Նրա բանաստեղծությունները Խորհրդային Միության տարիներին այլ կերպ էին մեկնաբանում, մեր օրերում այլ լույսի տակ են ներկայացնում: Կարծում եմ՝ այդ առումով մեծ գործ է անում նրա թոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը»,-ասաց Հուսիկ Արան և հավելեց, որ Տերյանին վերարժևորել և գնահատել է պետք: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ ընդգծեց, որ Վահան Տերյանն այն բացառիկ բանաստեղծներից է, որի ստեղծագործություններն առաջին իսկ հրապարակումից մինչ օրս գնահատված են և՛ ընթերցողական, և՛ գիտական դաշտում: «Այլ հարց է Տերյանի՝ որպես հանրային և քաղաքական գործչի ընկալումը: Դա դեռ լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Գևորգ Էմին-Տերյանի գրքերը որոշակի լույս են սփռում դրա վրա և օգնում նոր ընդհանրացումներ կատարել, բայց, ցավոք, ճակատագրի բերմամբ Տերյանն այդ առումով ոչ միանշանակ է գնահատվել: Չարենցը մի ձևակերպում է օգտագործել. «Երկու աշխարհի սահմանագծին»: Տերյանը երկու աշխարհի սահմանագծին հայտնված անհատականություն էր, գործիչ, որին վիճակված էր բարդ ճակատագիր: Սովետական Միությունում ամեն կերպ կոծկելու էին նրա գործունեությունը, իսկ հետանկախության շրջանում ամեն կերպ փորձելու էին Տերյանին հեռու պահել բոլշևիկներից»,- նշեց Նիկողոսյանը: Գրականագետի խոսքով՝ երկու աշխարհի սահմանագծին գտնվելն ազդել է Տերյանի ժառանգության որոշ գործերի մեկնաբանության վրա: Օրինակ՝ Տերյանի նամականին ինչպես հարկն է չի ներկայացվել ընթերցողին: Այն շարքը, որը հասանելի է, կրճատումներով է, զեղչումներով: «Ունի բանաստեղծություններ, որոնք խորհրդային շրջանում ընկալվում էին որպես դաշնակցականներին ձոնված ատելության կամ քննադատության գործեր: Անկախության շրջանում գրականագետներն այդ բանաստեղծությունները մեկնաբանեցին քննադատություն՝ ուղղված բոլշևիկներին: Դերի ոչ միանշանակ ընկալում կա, որը պետք է կարողանանք հստակեցնել»,- շեշտեց Նիկողոսյանը: Անդրադառնալով Տերյանի կերպարին՝ նա հիշեց, որ գրականագետներն ու արվեստագետները կինոյում, նկարչության, քանդակագործության մեջ Տերյանին պատկերել են խեղճ, ծուռ վզով, աշնան թախիծի և մելամաղձության տրամադրություններով գրողի: Նրա բանաստեղծությունների ժողովածուների տարբեր նկարազարդումները այդ մոտիվով են: «Ըստ իս՝ Տերյանը հզոր անհատականություն ունեցող բանաստեղծներից է, որի ստեղծագործությունն էլ դա հասկանալու և գնահատելու հնարավորություն տալիս է: Նա առաջինն էր, որ բերեց մաքուր քաղաքային քնարերգություն, քաղաքային գրականություն, որը նորություն էր, և Տերյանը պայմանավորեց մեր նոր գրական հայերենի՝ արևելահայերենի ճակատագիրը: Կարծում եմ՝ մենք Տերյանին պարտք ենք նրա արածի, դերի վերագնահատում, նրա երկերի լիակատար ժողովածու, նոր ֆիլմեր, քանդակներ, որոնք կօգնեն վերականգնել Վահան Տերյանի հզոր կերպարը»,- եզրափակեց Արքմենիկ Նիկողոսյանը: Վահան Տերյանն իր գործունեության ընթացքում թողել է չորս հարյուրից ավելի տարբեր ժանրի քնարական բանաստեղծություններ, շուրջ երեք տասնյակ գրաքննադատական և հրապարակախոսական հոդվածներ, մի քանի հարյուրի հասնող նամակներ: Նրա գործերը, որոնք այսօր էլ չեն կորցրել թարմությունն ու այժմեականությունը, խոսում են բանաստեղծի հզոր տաղանդի մասին: Վահան Տերյանի բանաստեղծական շարքերն են՝ «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի», «Կատվի դրախտ» և այլն: Ավետիք Իսահակյանը նկատել է. «Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնա որպես հավերժական բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացումներ և անխառն գեղեցկություններ»: [b]Անժելա Համբարձումյան[/b]

Նմանատիպ նյութեր