211652_close_icon
views-count3733 դիտում article-date 13:36 07-02-2020

Էրիկ Գրիգորյանը ՀՀ-ում Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է Սեւանի հիմնախնդիրները

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է նաեւ Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրյոմին: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Ողջունելով դեսպանին նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում երկու երկրներն ունեն համագործակցության ընդլայնման մեծ հեռանկար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրողների ընդլայնված պատասխանատվության սկզբունքների վերաբերյալ ԵՄ դիրեկտիվների մոտարկման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզի մշակման հարցերը: Հանդիպման օրակարգում էին նաեւ Սեւանի հիմնախնդիրներն ու առցանց հոսքաչափական տվյալների ստացման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման հարցերը: Տեղեկատվական համակարգի ներդրման արդյունքում կստեղծվի հարթակ, որը կնպաստի ջրային ռեսուրսների հաշվառմանը, փաստացի ջրածախսերի հսկողությանը եւ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Դեսպան Թիդեստրյոմին շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ ընդգծելով, որ մեծ կարեւորություն է տալիս երկու երկրների միջեւ փորձի փոխանակմանը: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ քիմիական նյութերի համահունչ կառավարման ոլորտում համագործակցությանը՝ այդ թվում աղտոտված հողերի կադաստրի ստեղծման ծրագրերի մշակմանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ նախարարի տեղակալ Ի․Ղափլանյանը, դեսպանի խորհրդական եւ ժամանակավոր հավատարմատար Բիրգեր Կարլսոնը:

Նմանատիպ նյութեր