3675 դիտում
12:05 07-02-2020
Պահածոյացված շուշանի թթուն թունավորման պատճառ. Կոտայքում բոտուլիզմի դեպք է գրանցվել
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փետրվարի 6-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ hամաճարակաբանական հետազոտության արդյունքներով թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է: Այս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Նախարարությունը հիշեցնում է, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է՝ խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, մի´ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում և արտադրում են թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-1300C ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում հնարավոր չէ իրականացնել:
Նմանատիպ նյութեր
2110 դիտում
11:46 01-02-2016
Գյումրիում բոտուլիզմի դեպք է գրանցվել. ՀՀ ԱՆ-ը հորդորում է ջերմային մշակման ենթարկել տնային պահածոները
9965 դիտում
17:36 26-02-2022
Աննա Հակոբյանը դուստրերի` Շուշանի ու Արփիի հետ գտնվում էր Վայոց ձորի մարզում
10267 դիտում
10:41 27-02-2022
Աննա Հակոբյանը դուստրերի՝ Շուշանի և Արփիի հետ այցելել է Վայոց Ձորի մարզ
Այս բաժնից
1282 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4741 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած